Լրահոս
Քաղաքական
20:06
28.07.25
197

Եթե այս իշխանությունը կարծում է, թե կարող է ճնշել մեր հավատը, ձայնը, հիշողությունը՝ սխալվում է․ Մհեր Մելքոնյան

Img default alt hy

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր մենք գտնվում ենք մի հանգուցային պահի, երբ իշխանության կողմից իրականացվող քաղաքականությունը դուրս է եկել օրինականության և բարոյականության բոլոր հնարավոր սահմաններից։

Այն, ինչ կատարվում է Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի և Գերաշնորհ Տ․Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շուրջ, այլևս իրավական գործընթաց չէ։

Սա քաղաքական հաշվեհարդար է, որի թիրախում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է։

Այս գործընթացը ոտնահարում է ոչ միայն օրինականության հիմքերը, այլև կոպտորեն ոտնահարում է մեր ազգային արժեքները։

Փաշինյանական հակազգային ռեժիմը մեզ փորձում է պարտադրել մի իրականություն, որտեղ ազգային արժեքները ոչնչացվում են, եկեղեցին՝ լռեցվում, իսկ ճշմարտությունը՝ բանտարկվում։ Սա ոչ միայն անհանդուրժելի է, այլև վտանգավոր՝ մեր պետականության և ազգային անվտանգության տեսանկյունից։

Իշխանությունների այս պահվածքը ոչ միայն խարխլում է պետություն-եկեղեցի հարաբերությունների նուրբ հավասարակշռությունը, այլ նաև ապակողմնորոշում է հասարակությանը՝ վտանգելով ազգային միասնությունն այս բարդ ժամանակաշրջանում։

Սա բացառիկ ցինիզմ է։

Երբ թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ ծնկի եկած վարչախումբը ձեռք է բարձրացնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազանների վրա՝ դա այլևս ոչ թե քաղաքականություն է, այլ դավաճանություն։

Եթե այս իշխանությունը կարծում է, թե կարող է ճնշել մեր հավատը, ձայնը, հիշողությունը՝ սխալվում է։

Հայ ժողովուրդը հազարավոր տարիներ կանգուն է մնացել շնորհիվ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու , իր հոգևոր առաքելության, իր ազգային արժեքների, իր հավատի։

Եվ այդ հավատը դուք ոչ մի բանտով կոտրել չեք կարող»։