Լրահոս
Հասարակական
20:00
26.09.24
319

Էլեկտրաենթակայանում աշխատանքներ կատարելիս աշխատակիցը հոսանքահարվել ու տեղում մահացել է

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ոսկեվազ գյուղում քաղաքացի է հոսանքահարվել և մահացել, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:  

Տեղում պարզվել է, որ նշված գյուղում «Ոսկեվազ 3» էլեկտրական ենթակայանում աշխատանքներ կատարելու ժամանակ էլեկտրահարվել և մահացել է Արագածոտնի մարզի բնակիչ 73-ամյա Նազարեթ Օ.-ն:  

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Մուսալեռ» մասնաճյուղի «Ոսկեվազ 3» ենթակայանում՝ որպես վարպետ: