Լրահոս
Առողջապահական
15:00
17.07.22
140

Ծուռթաթություն․ Ախտորոշում և բուժում

Img default alt hy

 

«Aysor.am»-ը գրում է.

«Ծուռթաթությունը հաճախ հանդիպող բնածին ձևախախտումներից մեկն է,  տղաների մոտ  նկատվում է ավելի հաճախ, քան աղջիկների։ Ախտահարումը կարող է լինել միակողմանի և երկկողմանի։ Երբեմն բնածին ծուռթաթությունը զուգակցվում է  բնածին այլ արատներով։

Հիվանդության առաջացման հետ կապված գոյություն ունեն տարբեր տեսակետներ՝ մեխանիկական գործոնի ազդեցության, նյարդային խանգարումների, արգանդում պտղի ոչ ճիշտ դիրքի, սաղմնային զարգացման արատների վերաբերյալ և այլ։

«Բնածին ծուռթաթություն» հասկացողության տակ միավորվում են ոտնաթաթի բնածին ձևախախտման տարբեր ձևերը, որոնք բաժանվում են երկու խմբի՝

տիպիկ

ոչ տիպիկ

Ծուռաթաթության տիպիկ ձևը արտահայտվում է ձևախախտման երեք բաղադրամասերի պարտադիր առկայությամբ.

1. ոտնաթաթի առաջնային հատվածի առբերում, երբ ոտնաթաթի երկայնակի առանցքը և ծայրային հատվածը աղեղնաձև կորացած են դեպի ներս,

2. ոտնաթաթի վերհակում, երբ ներբանային մակերեսը շրջված է դեպի ներս, իսկ թիկնայինը՝ դեպի դուրս,

3. ներբանային ծալում, երբ ոտնաթաթի առաջնային մատնային հատվածը կախված է, իսկ կրունկը բարձրացած, աքիլլեսյան ջիլը լարված է ու կարճացած։

Ծուռթաթության ոչ տիպիկ ձևերն առաջանում են ջրաթաղանթային ձգվածության, արթրոգրիպոզի, ոսկրերի բնածին արատների, բնածին կծկումնային պարալիզների հետևանքով։

Ձևախախտման աստիճանը տատանվում է հազիվ նկատելիից մինչև խիստ արտահայտված ձևը։ Ըստ ծանրության աստիճանի տարբերում են թեթև, միջին, ծանր։

Նորածին երեխաների բնածին ծուռթաթությունների բուժումը սկսում են հետծննդյան շրջանի 7-10-րդ օրվանից։ Միայն ամենաթեթև դեպքերում կարելի է արդյունքի հասնել փափուկ վիրակապային փաթաթաններով անշարժացնելու, ձևախախտումն ուղղող մարզումների և մերսումների օգնությամբ։ Արտահայտված ձևերի դեպքում կիրառվում են փուլային գիպսակապեր։ Սկզբում գիպսակապը փոխում են յուրաքանչյուր 7-րդ օրը, իսկ 3-5 ամիս բուժելուց հետո՝ 9-12-րդ օրը, երբ ոտնաթաթերը միջին դիրք են ընդունում։

Գիպսակապը դնելիս անհրաժեշտ է սրունքի և ոտնաթաթի ցցուն կետերում ու փոսացման շրջաններում այն ձևավորել ուշադիր և խնամքով։ Ոտնաթաթի մատների ծայրերը պետք է թողնել ազատ, որպեսզի հնարավոր լինի հետևել արյան շրջանառության վիճակին։ Բուժման ընթացքում անհրաժեշտ են հատուկ մարզումներ՝ ձևախախտման ուղղման և սրունքի մկանների ամրացման համար։ Ծուռթաթության կոնսերվատիվ բուժման ոչ լիարժեք արդյունքների կամ ձևախախտման սրացումների դեպքում կատարվում է փափուկ հյուսվածքների և ջլակապանային ապարատի վիրահատական միջամտություն»։