Լրահոս
Հասարակական
10:14
12.02.22
394

Այսօր Սուրբ Սարգսի տոնն է․ կկատարվի երիտասարդների և զինվորների օրհնության կարգ

Img default alt hy

Տոնական օրվա խորհրդի մասին․ Այսօր՝ փետրվարի 12-ին Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնն է: 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ այդ օրը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Արդեն 16 տարի Արարատյան Հայրապետական թեմի  առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու նախաձեռնությամբ Ս. Սարգսի տոնի առթիվ հոգևոր արարողություններին զուգահեռ իրականացվում են երիտասարդներին ուղղված բազմաթիվ ծրագրեր՝ սիրո տոնը լցնելով հայկական երանգներով ու տրամադրությամբ: Առանձնահատուկ կարևորվում են Հայոց բանակին ու հայ զինվորին նվիրված ծրագրերը:

Նավասարդ Սրբազանի տնօրինությամբ այդ օրը թեմի երկու՝ Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիները բաց կլինեն մինչև երեկոյան ժամը 22.00-ը: 

Այս տարի տոնական միջոցառումների շարքում, ի թիվս այլոց, ընդգրկված են հետևյալ ծրագրերը.

Փետրվարի 12-ին 

  • Երիտասարդների օրհնության կարգ կկատարվի բոլոր եկեղեցիներում 

  • 9:30-ին Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանից 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը կբերվի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի, Ս. Պատարագի ողջ ընթացքում կլինի Ս. Խորանի վրա: Ավետարանը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը: 

  • 10:00-ին Ս. Սարգսի աջը կբերվի եկեղեցի: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Ս. Սարգսի աջը կբերվի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի: Հավարտ Ս. Պատարագի սուրբ մասունքի օրհնությունը կբաշխվի հավատավոր ժողովրդին ու զինվորներին: Սուրբ Աջը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը:

  • 11.00-ին Տոնական Ս. Պատարագ՝ նվիրված Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների հիշատակին:  Տոնի առթիվ Ս. Պատարագ է մատուցվելու Ս. Սարգսի անունը կրող եկեղեցիներում: Արարատյան Հայրապետական թեմում նրանք երկուսն են՝ Առաջնորդանիստ և Նոր Նորքի Ս. Սարգիս: 

  • Զինվորների օրհնության կարգ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում 

  • Պարգևատրում: Այս տարի 7-րդ անգամ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ կպարգևատրվեն արցախյան 44-օրյա պատերազմին մասնակից 20 զինվորներ: Ցուցակը տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: