Լրահոս
Հայաստան
11:46
16.02.22
694

Այս իշխանությունը նպատակ ունի՝ երկիրը փաթեթավորի, տա թշնամուն. ազատամարտիկ

Img default alt hy

Ինչպես հայտնի է, որ փետրվարի  14-ին տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը։ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու նիստի աշխատանքներին՝ ընդգծելով, որ քանի դեռ ներկայիս իշխանությունն է կառավարման ղեկին, հանձնաժողովի աշխատանքները չեն կարող օբյեկտիվ լինել, ինչից հետո ընդդիմադիր պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Գեղամ Նազարյանը և Գեղամ Մանուկյանը լքեցին հանձնաժողովի նիստը։  

168.am-ի հետ զրույցում Ազատամարտիկ Աշոտ Սևյանը՝ հայտնի Չարեքթարցի Աշոտը, անդրադառնալով հանձնաժողովի ստեղծմանը, նշել է, որ ոորէ սպասելիք չունի հանձնաժողովից։  

«Իշխանությունն այդ հանձնաժողովի միջոցով հերթական անգամ շոու կկազմակերպի, ես որևէ լավ բանի չեմ սպասում։ Հասկանո՞ւմ եք, սրանք ժամանակ ձգելու, մարդկանց հիասթափեցնելու համար քայլեր են անում, այլ խոսքով՝ ամբողջ Հայաստանը սարքել են թատերաբեմ»,- նշել է Աշոտ Սևյանը։  

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի և իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարություններին, թե Ադրբեջանի հայտարարություններն ամպագոռգոռ են, սակայն քայլերը դրական են, Աշոտ Սևյանն ասաց, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց նպատակներին հասնելու համար իրար հետ համաձայնեցրած գործում են ընդդեմ Հայաստանի։    

«Փաստ է, որ այսօրվա այս իշխանություններն էլ ոչ մի քայլ չեն անում, դե, իրենք պարտված իշխանություն են, և իրենց պարտությունը շարունակվում է։ Դե, հասկանում եմ, այս իշխանության օլիգարխները գործարքներ կանեն թշնամու հետ, ու իրենց դհոլ-զուռնայով կդիմավորեն։ Այս իշխանությունը նպատակ ունի՝ երկիրը փաթեթավորի, տա թշնամուն, իրենք էլ նրա մոտ ժամանակավոր կառավարություն աշխատեն»,- շեշտեց Աշոտ Սևյանը։  

Ըստ նրա՝ ՀՀ ներկայիս իշխանությունն արդեն ամբողջովին հրաժարվել է Արցախից, «բանավոր այն արդեն տվել է թշնամուն», հիմա էլ ցանկանում է կոտրել Հայաստանի ողնաշարը։  «Մենք շատ շուտով այդ ամենը կտեսնենք՝ Սյունիք, Վարդենիս, Կրասնի, այս շրջանների վրա է թշնամին ճնշումներ գործադրելու, ու սրանք էլ տալու են։ Այսօր պարտված իշխանությունը պատրաստ է ամեն ինչ տալու, միայն թե շարունակեն մնալ իրենց աթոռներին։ Սրանք գիտեին, որ եթե «Եռաբլուրի» տղաները մնային՝ պատերազմից հետո գալու էին ու իրենցից պատասխան պահանջեին, դրա համար տարան, բոլորի գլուխները կերան։ Հիմա կա պայքարող մասսա, բայց նրանք էլ նայում են կողքիններին ու հիասթափվում են։ Բայց պետք է զարթոնք լինի, շարժում սկսվի»,- ընդգծ՛ել է ազատամարտիկը։