Լրահոս
Հասարակական
10:02
15.02.22
1 016

«Աստվածաշունչ էին բերել, ամեն օր կարդացել եմ». գերությունից վերադարձած կամավորականի պատմությունը

Img default alt hy

Գրեթե ամեն օր Մելս Ամբարդարյանի համար օրը սկսվում է աղոթքով, ասում է՝ վերջերս միայն եկեղեցում է կարողանում գտնել իր հանգստությունը: Մելս Ամբարդարյանը հոկտեմբերին է հայրենադարձվել ադրբեջանական գերությունից, գրում է «Galatv.am»-ը։

Մելսը մարտական մկրտություն է ստացել 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, երբ ժամկետային զինծառայող էր:

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ կամավոր է մեկնել ռազմաճակատ, որպեսզի եղբոր կողքին լինի. Մելսի եղբայրը՝ Տիգրանը, սպա է, ով մինչ օրս շարունակում է ծառայել հայրենիքին:

Մելսը պատմում է, որ  հոկտեմբերի 3-ին, երբ իրենց տեղափոխեցին Ջրական, գրեթե նույն զգացողությունն է ապրել, ինչ 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Մատաղիսում:

«Ես միշտ էլ հողը, հայրենիքը, տունը ամբողջացրել եմ, որովհետև տունը, հայրենիքը սկսվում է հենց սահմանից, և սահմանի ամրությունն է մեր գոյության երաշխիքը:

Եղբայրս հենց պատերազմի առաջին իսկ օրից կռվել է, և ես իմ պարտքն էի համարում եղբորս կողքին լինել, թեկուզ ուրիշ տեղ էլ կռվեի, ինձ մխիթարում էր այն փաստը, որ մեկ ուրիշն էլ էդ պահին եղբորս կողքին կլինի:

Հոկտեմբերի 3-ին մեզ տեղափոխեցին Ջրական, մասնակցել ենք մարտական գործողությունների»,- պատմում է Մելս Ամբարդարյանը:

Շիրակցի կամավորականը գերեվարվել է դեկտեմբերի 13-ին Խծաբերդ-Հին թաղեր հատվածում:

Նոյեմբերի  9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ՄՕԲ գումարտակը մարտական առաջադրանք է ստացել, պիտի գնային Գորիս, բայց վերջին պահին ուղղությունը փոխվել է դեպի Բերձոր, այնտեղից էլ ուղարկել են Խծաբերդ, Հին թաղեր:

«Շիրակի ՄՕԲ գումարտակն էր այդ օրը հերթապահություն իրականացնում… դեկտեմբերի 13-ին մենք հայտնվեցինք շրջափակման մեջ: Մենք մենակ էինք մնացել, ստեղծվել էր կրիտիկական իրավիճակ, որից փորձում էինք բանակցությունների միջոցով դուրս գալ, բայց չհաջողվեց:

Մենք հավատում էինք, որ ռուս խաղաղապահները կունենան ազդեցություն, բայց  նրանք չեկան մեր հետևից, իսկ ադրբեջանցիները մեզ ուղեկցեցին Բաքու:

Ես եղել եմ Բաքվի  բանտում, 62 շիրակցիներս նույն կալանավայրում էինք, բայց տարբեր խցերում:

Մեզ դատապարտել էին 6 տարվա ազատազրկման, որպես «տեռորիստ», բայց հետո էդ հոդվածը հանվեց, և այս պահին տղերքին դատել են զենք-զինամթերքով սահմանախախտման մեջ»,- պատմում է Մելս Ամբարդարյանը:

Մելսը գերության մեջ գտնվելու 10 ամիսների ընթացքում  չի կորցրել հույսը, աղոթել է, անգամ խնդրել է Կարմիր խաչից, որպեսզի իրեն Աստվածաշունչ բերեն:

«Կարմիր խաչի կազմակերպությունը ինձ Աստվածաշունչ էր բերել, ամեն օր կարդացել եմ… Աստծո պատվիրաններն ու խոսքը միշտ սրտումս է եղել: Ես գիտեի, որ Աստված լսելու է իմ աղոթքները, և մի օր մի լույս բացվելու է: Էդ օրը շատ սպասեցնել չտվեց»,- պատմում է Մելս Ամբարդարյանը:

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ եղել է նամակագրություն, հեռախոսազանգ:

«Նամակները մեզ համար փրկություն էին, որովհետև շատ անելանելի վիճակում էինք: Երբ նամակը ստացանք, մտածում էինք, որ կարող է ինքը չի գրել, բայց ես ձեռագիրը անմիջապես ճանաչեցի, և դա մեզ հույս տվեց շարունակել ապրել: Նամակները շատ լավ բովանդակությամբ էին գրված… Մելսը գրում էր, որ իր պարապը լրացնում է ընթերցանությամբ: Ամեն անգամ բոլորին անուն առ անուն բարևում էր, բոլորին շնորհակալություն էր հայտնում մեր կողքին լինելու համար:

Նամակները մեզ հասնում էին Կարմիր խաչի օգնությամբ, նրանք անձամբ բերում էին»,- պատմում է Մելս Ամբարդարյանի մայրը՝ Նելլի Ումրշադյանը:

Մելսն ասում է, որ նամակ գրելը մի ուրիշ արարողակարգ էր իր  համար, մինչև հաջորդ ամսվա նամակի օրը մտքերը գրի էր առնում, փորձում ամեն հույզ, ամեն զգացում տեղավորել թղթի մեջ, մի նամակի մեջ փորձում էի ամբողջ կյանք տեղավորել:

«Փետրվարին ուղարկել եմ առաջին նամակս… նամակովս փորձել էի ծնողներիցս ներողություն խնդրել՝ իրենց զգացածի համար:

Իմ հաջորդ նամակներում գրում էի, թե ինչ գրքեր եմ կարդացել…ուրիշ զբաղմունք չկար, կարդում էինք»,- պատմում է Մելս Ամբարդարյանը:

Մելսի խոսքերով՝ հիմա փնտրտուքի ու վերլուծության փուլում է, իր պայքարը դեռևս չի ավարտվել:

«Ինձ  համար այդ ամենը վատ երազ էր, որ անցավ ու մոռացվեց… կյանքը շարունակվում է:

Ես հավատացել եմ, որ այդ ամենն ավարտվելու է, և մենք հետ ենք վերադառնալու: Մեր ծնողների աղոթքներն են մեզ պահել ու պահպանել»,-  եզրափակում է գերությունից վերադարձած կամավորականը: