Լրահոս
Հասարակական
11:40
13.02.22
123

Արցախի ԱԳ նախարարը դրական է գնահատում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում

Img default alt hy

Միջազգային գրեթե բոլոր ազդեցիկ դերակատարների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների համանման հստակ դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ և այն պետք է իր հանգուցալուծումը ստանա Մինսկի խմբի եռանախագահության հովանու ներքո, միանշանակ կնպաստի բանակցային գործընթացի աշխուժացմանը նշված ձևաչափով: 

Այդ մասին «Արմենպրես»-ին է հայտնել Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերի հայտարարությանը ԼՂ հիմնախնդրի մասին:

«Ինչքան շատ խոսվի դրա մասին և ինչքան շատ բարձրաձայնվի դրա մասին ազդեցիկ երկրների կողմից, այնքան, իհարկե, ավելի լավ է: Եվ լավ է, որ դրա մասին խոսում են ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրները, այլ նաև այլ երկրներ:

Նույն Մեծ Բրիտանիան, ինչպես գիտենք, կովկասյան քաղաքականության մեջ վաղուց է ներգրավված, և եթե իրենք այդպես են կարծում Արցախի կարգավիճակի և ապագայի վերաբերյալ,  նորմալ է: Ինչքան շատ այդպիսի կարծիքներ լինեն, այնքան լավ»,- մեկնաբանել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը Հայաստան-Մեծ Բրիտանիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Միացյալ Թագավորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չի համարում և ցանկանում է խնդիրը լուծված տեսնել համապարփակ խաղաղ կարգավորման միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընդունված հիմնարար սկզբունքների հիման վրա: 

Թագավորության դեսպանը այս մեկնաբանությունը տվել էր՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Մինսկի խմբի համանախագահները «չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է»:

«Մենք հակամարտությունը լուծված չենք համարում: Միացյալ Թագավորությունը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված տեսնել համապարփակ խաղաղ կարգավորման միջոցով՝ հնարավորինս շուտ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հիմնարար սկզբունքների հիման վրա: 

Մենք լիովին աջակցում ենք ամերիկացի, ֆրանսիացի և ռուս համանախագահների ջանքերին և կողմերին խրախուսում կառուցողականորեն ներգրավվել բանակցային գործընթացում»,- մեկնաբանել էր Միացյալ Թագավորության դեսպանը: