Լրահոս
Քաղաքական
19:45
10.01.23
138

Արարատ Միրզոյանը Բույար Օսմանիի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը

Img default alt hy

Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ, տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Արարատ Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվորեն համագործակցել կազմակերպության հիմնարար սկզբունքների պաշտպանության և առաջմղման գործում:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության օրակարգի մի շարք հարցերի:

Նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին: Շեշտվել է, որ Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի քայլերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերին էթնիկ զտման ենթարկելուն:

Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխարգելելու համատեքստում ԱԳ նախարար Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է տարածաշրջանային ու միջազգային համապատասխան կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի կողմից հստակ քայլերի իրականացման անհրաժեշտությունը»,- նշված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում: