Լրահոս
Իրավական
12:45
08.06.22
373

Արամ Սիմոնյանի հարազատները չեն համաձայնելու նրա մահվան հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը, պայքարը շարունակվելու է մինչև վերջ. փաստաբաններ

Img default alt hy

Այսօր 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԵՊՀ նախկին ռեկտոր, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Հրաչիկի Սիմոնյանը:

Արամ Սիմոնյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի նկատմամբ «2018 թվականից սկսված խայտառակ ապօրինի հետապնդումներ նախաձեռնած անձինք կարող են իրենց բավարարված զգալ»։

«Արամ Սիմոնյանի հետ պատիվ ենք ունեցել ծանոթանալու 2018 թվականից հետո, ցավոք, այնպիսի հանգամանքներում, որոնք չպետք է առնչություն ունենային նրա կարգի մարդուն։ Քրեական գործ, մեղադրանք, խափանման միջոց հասկացություններն ու Արամ Սիմոնյանի անձը պարզապես անհամատեղելի էին։

Անհնար էր նրա հետ անգամ քննարկել իրեն առաջադրված մեղադրանքը, ամոթ էր պարզապես։ Համապատասխան արժեքներով ապրող ու դրանց հավատացող մարդ լինելով, Արամ Սիմոնյանն այդպես էլ հրաժարվեց հասկանալ, որ մարդուն կարելի է հանիրավի մեղադրել, կարելի է պատվերով քննություն նախաձեռնել, պարզել, որ քննելու որևէ բան անգամ գոյություն չունի, բայց շարունակել հետապնդումները։

Ցանկանում ենք տեղեկացնել հանրությանը, որ Արամ Սիմոնյանի հարազատները չեն համաձայնելու նրա մահվան հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը, պայքարը շարունակվելու է մինչև վերջ, մինչև Արամ Սիմոնյանի անմեղությունը հաստատող ակտի կայացում»։