Լրահոս
Քաղաքական
18:13
25.01.22
143

Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին

Img default alt hy

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ ճանաչողության մակարդակը բարձրացնելու կարևորությունը` առողջապահության ոլորտում երկկողմ գործակցությունը որակական նոր աստիճանի բերելու համար:

Հանդիպմանը քննարկվել են ներդրումային ծրագրեր, դեղարտադրության, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների և առաջավոր մեթոդների կիրառմամբ մատուցվող նեղ մասնագիտական մի շարք ոլորտներում համագործակցության, առողջապահական տուրիզմի զարգացմանն առնչվող հարցեր:

«Դեղագործության ոլորտում հայ-իրանական գործակցության մեծ պոտենցիալն ակնհայտ է: Մենք մշտապես դիտարկում ենք փոխադարձաբար իրանական արտադրության դեղորայքը հայկական շուկայում ներառելու հնարավորությունները»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հետաքրքրվել է Հայաստանում COVID-19-ի դեմ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությամբ:

Նախարարն ու դեսպանն անդրադարձել են նաև առողջապահության ոլորտում երկկողմ և տարածաշրջանային կապերի ակտիվացմանն ուղղված այլ ծրագրերի, քննարկել կրթական ծրագրերի ինտեգրման ու փորձի փոխանակմանն առնչվող հարցեր: