Լրահոս
Միջազգային
11:30
08.05.23
192

ԱՄՆ-ն կարող է սահմանադրական ճգնաժամի առաջ կանգնել. ԱՄՆ ֆինանսների նախարար

Img default alt hy

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջենեթ Յելենը նախազգուշացրել է, որ եթե Կոնգրեսը միջոցներ չձեռնարկի պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու ուղղությամբ, ապա երկիրը կարող է սահմանադրական ճգնաժամի առաջ կանգնել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ին:

Ըստ պաշտոնյայի՝ պարտքի վերին շեմը պետք է բարձրացնել մինչև հունիսի սկիզբը, այլապես այդ ժամանակ դաշնային կառավարությունը կարող է այլևս գումար չունենալ իր հաշիվները վճարելու համար:

«Դա Կոնգրեսի աշխատանքն է: Եթե նրանք ձախողեն դա, ապա մենք կունենանք տնտեսական և ֆինանսական աղետ, որը ստեղծել ենք մեր իսկ ձեռքերով: Եվ մենք չպետք է հասնենք այն կետին, երբ ստիպված լինենք մտածել՝ արդյոք նախագահը կարող է շարունակել պարտքի թողարկումը: Դա սահմանադրական ճգնաժամ կլիներ», - ասել է Յելենը՝ նկատի ունենալով գործադիր և օրենսդիր իշխանությունների լիազորությունների սահմանազատումն ԱՄՆ սահմանադրությամբ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրել է բարձրացնել պետական պարտքի վերին շեմն՝ առանց նախապայմանների: Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատն անցյալ ամիս համաձայնել է պետական պարտքի 31.4 տրիլիոն դոլարի շեմը բարձրացնել 1.5 տրիլիոն դոլարով: Միևնույն ժամանակ Հանրապետականները պահանջում են առաջիկա տասնամյակի ընթացքում կրճատել պետական ծախսերը: Բայդենը և դեմոկրատները դեմ են այս պահանջին:

Այս հարցը քննարկելու համար մայիսի 9-ին ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը նախատեսում է հանդիպել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթիի, Սենատում հանրապետականների ղեկավար Միչ Մաքքոնելի և Կոնգրեսի բարձրաստիճան դեմոկրատների հետ:

Վաշինգտոնը պարբերաբար սահմանում է դաշնային փոխառությունների սահմանափակում: Ներկայում փոխառությունների վերին շեմը հավասար է երկրի տարեկան տնտեսական արդյունքի մոտավորապես 120%-ին։ Պարտքը հասել է այդ սահմանագծին հունվարին: