Լրահոս
Միջազգային
20:00
10.01.23
108

ԱՄՆ դատախազությունը կուսումնասիրի Բայդենի նախկին գրասենյակում հայտնաբերված գաղտնի փաստաթղթերը

Img default alt hy

ԱՄՆ Գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդը Չիկագոյի ԱՄՆ դատախազին հանձնարարել է ուսումնասիրել գաղտնի փաստաթղթերը, որոնք հայտնաբերվել են Վաշինգտոնի Փենսիլվանիայի համալսարանում Բայդենի անվան դիվանագիտական և գլոբալ համագործակցության կենտրոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CBS News-ին հայտնել են հետաքննության մասին տեղյակ երկու աղբյուրներ:

Նշվում է, որ հայտնաբերված շուրջ 10 փաստաթղթերը եղել են կենտրոնում գտնվող գրասենյակում, որը նախագահ Բայդենն օգտագործում էր Բարաք Օբամայի վարչակազմում փոխնախագահ աշխատելու տարիներին:

Փաստաթղթերը հայտնաբերվել են նոյեմբերի 2-ին՝ միջանկյալ ընտրություններից առաջ, Բայդենի անձնական իրավաբանների կողմից, երբ նրանք հավաքում էին իրերը, որպեսզի ազատեն վերլուծական կազմակերպության գրասենյակը: Թե ինչ տեղեկություններ կան փաստաթղթերում, չի բացահայտվում, սակայն ըստ CBS-ի աղբյուրների՝ դրանք միջուկային գաղտնիքներ չեն պարունակում:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակ, հանրապետական ​​Քևին Մաքքարթին հայտարարել է, որ Ջո Բայդենի՝ ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնում աշխատելու ժամանակաշրջանում գաղտնի փաստաթղթերի հայտնաբերման հետ կապված իրադրությունը «լուրջ անհանգստություն» է առաջացնում։

«Նրա (Բայդենի) մոտ եղել են այդ գաղտնի փաստաթղթերը, իսկ ի՞նչ էր նա ասում մյուս նախագահի մասին, ում մոտ գաղտնի փաստաթղթեր կային», - ասել է Մաքքարթին:

Սպիտակ տնից հանված գաղտնի նյութերի պահպանումն անցյալ տարի պատճառ էր դարձել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ունեցվածքի խուզարկության համար, և նրան սպառնում է քրեական հետապնդում։ Չնայած երկու դեպքերի միջև զուգահեռներ են անցկացվում, սակայն, ըստ լրատվամիջոցի, դրանց մասշտաբները լիովին տարբեր են:

Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագո կալվածքի խուզարկության արդյունքում հարյուրավոր գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել:

Այդ փաստաթղթերում, ի թիվ այլ նյութերի, եղել են գաղտնիքներ երկրի միջուկային հնարավորությունների վերաբերյալ, ինրպես նաև Դոնալդ Թրամփի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև նամակագրությունը: