Լրահոս
Հայաստան
17:49
22.01.22
151

Ամասիայում ՔՊ-ականների պահանջը ժամանակավրեպ է. ՏԸՀ–ն անփոփոխ թողեց իր նախկին որոշումը

Թիվ 30 ընտրական հանձնաժողովն անվավեր չճանաչեց դեկտեմբերի 5-ին Ամասիա խոշորացված համայնքում կայացած ավագանու ընտրությունների և դեկտեմբերի 20-ին Ջեմմա Հարությունյանին համայնքի ղեկավար ընտրելու որոշումը:

Քննելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԿԸՀ ներկայացրած դիմումը՝ հանձնաժողովը որոշեց անփոփոխ թողնել ավագանու անդամների ու համայնքի ղեկավարի ընտրության վերաբերյալ իր նախկին որոշումը։

Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում էր ստացել Ամասիա համայնքում ընտրություններին մասնակցած ՔՊ-ական անդամներից, որոնք ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու նպատակով նաև ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել` նոտարի կողմից վավերացված։

Տարածքային հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՔՊ-ականների պահանջը ժամանակավրեպ է։

«Ընդհանուր 15 մանդատ է բաշխվել, ինչքան և պահանջվում է ըստ օրենքի: Կուսակցությունը օրենքով սահմանված ժամանակահատվածում ոչ մի բողոք չի ներկայացրել ընտրական հանձնաժողով, նույնիսկ դատական կարգով չի բողոքարկել ընտրությունների արդյունքները։ Մանդատները բաշխվելուց, ընտրությունը կայացած համարելու որոշումից հետո նոր բողոքարկել է համայնքի ղեկավարի ընտրության արդյունքը»,- նշել է Խաչատրյանը։

Նրա խոսքով`բողոքարկող կողմի ԿԸՀ ներկայացրած դիմումը կարող է քննվել վարչական դատարանում, իսկ մինչ այդ Ամասիա խոշորացված համայնքի ավագանին կշարունակի գործել: