Լրահոս
Հասարակական
18:48
12.02.22
297

Աղմկահարույց հարցաշարի հետքերով․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տվել

Img default alt hy

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել «Աշխարհագրություն» առարկայից իններորդ դասարանի օլիմպիադայի հարցաշարում ընդգրկված առաջադրանքներից մեկի առնչությամբ տարբեր ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում տեղ գտած մեկնաբանությունների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ համացանցում հայտնված տվյալ հարցաշարի հարցերից մեկում աշակերտներին առաջարկվում է թվարկել ՀՀ մարզերն ու մարզկենտրոնները, բացի՝ Վայոց Ձորից և Սյունիքից, ինչը քաղաքացիների շրջանում ողջամիտ տարակուսանք էր հարուցել՝ այդ մարզերում հատկապես պատերազմից հետո տիրող սահմանային անորոշ դրության պատճառով։

ԿԳՄՍ նախարարության տարածած պարզաբանման մեջ ասվում է․

««Աշխարհագրություն» առարկայից իններորդ դասարանի օլիմպիադայի հարցաշարում ընդգրկված առաջադրանքներից մեկի առնչությամբ տարբեր ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում տեղ գտած թյուր մեկնաբանություններին արձագանքելով՝ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ օլիմպիադայի հարցաշարը կազմել է նշված առարկայի մասնագիտական հանձնաժողովը։ Նշենք, որ օլիմպիադաների հարցաշարերը կազմվում են առարկայական ծրագրերին և կրթական չափորոշիչներին համապատասխան, և դրանց որակի պատասխանատուն առարկայական հանձնաժողովներն են։

Կոչ ենք անում բոլորին՝ չտրվել կրթության ոլորտը քաղաքական շահարկումներով ստվերելու անշնորհակալ գայթակղությանը և զերծ մնալ հանրությանն ապատեղեկատվության շրջապտույտի մեջ գցելու արատավոր քայլերից։ Առարկայական օլիմպիադաները զուտ կրթական միջոցառումներ են, և այդ թեմայով քաղաքական շահարկումներ ծավալելն անթույլատրելի է»։