Լրահոս
Մամուլի տեսություն
09:30
14.12.24
338

Աղազարյանի քրեական գործով նոր ապացույցներ են ի հայտ եկել. «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեում ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի քրեական գործով (կաշառքով մանր եղջերավոր անասուններ արտահանելու քրգործը) նոր ապացույցներ են ի հայտ եկել։

Ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների՝ նախաքննական մարմինը առաջիկայում առարկայական գործողությունների կգնա։

Նշենք, որ Դատախազության՝ ArmLur.am-ի աղբյուրները հայտնել էին, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին մի քանի անգամ կոնկրետ այս գործով կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե, նա նախաքննական մարմնում առերեսվել է կաշառքի գործով։

«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր. «Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին կաշառք տալու գործով ՀՀ քաղաքացի Աշոտը մեղադրյալի աթոռին է հայտնվել, իսկ պատգամավորը անպատիժ է մինչ օրս:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ Հակակոռուպցիոն կոմիտեում տրված ցուցմունքի համաձայն՝ նա 300 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ուզել, որ Հայաստանից, սահմանված ընթացակարգերի խախտմամբ, առանց խոչընդոտների, մանր եղջերավոր անասուններ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ։

ՔՊ պատգամավորի դեմ ցուցմունք տված անձին՝ Աշոտին, Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանին կաշառք փոխանցելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար. նրա նկատմամբ ընտրված է խափանման միջոց՝ երկրից չբացակայելու արգելքը, սակայն պատգամավոր Աղազարյանին մեղադրանք առաջադրված չէ»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: