Լրահոս
Հայաստան
12:23
12.02.22
269

Ադրբեջանը շարունակում է հանցավոր գործողությունները հայ ռազմագերիների նկատմամբ. Թագուհի Թովմասյան

Img default alt hy

44-օրյա պատերազմից անցել է ավելի քան մեկ տարի, իսկ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ահասարսուռ դեպքերը շարունակվում են բացահայտվել։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

«ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել ռազմագերի Արթուր Ջիվանի Մարտիրոսյանի զոհվելու վերաբերյալ 2021 թվականի նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների խոշտանգման, նրանց նկատմամբ անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք դրսևորելու, դիտավորությամբ լուրջ տառապանքներ պատճառելու, վիրավոր զինծառայողին անօգնական վիճակում թողնելու և անհրաժեշտ բժշկական օգնություն չցուցաբերելու պայմաններում:

Ահազանգ եմ հնչեցնում միջազգային կառույցներին՝ խնդրելով իրենց լիազորությունների շրջանակներում անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի անթույլատրելի ու հանցավոր գործողությունները կանխարգելելու նպատակով և խստագույնս դատապարտել այս և 44-օրյա պատերազմից հետո շարունակվող ահաբեկչական գործողություները։ Ադրբեջանն առ օրս ոչ միայն չի վերադարձնում, այլև քաղաքականացնում է ռազմագերիների վերադարձի հարցը, դարձնում քաղաքական առևտրի առարկա և առաջ քաշում նոր նախապայմաններ»,- գրել է Թովմասյանը:

Պատգամավորի խոսքով` միջազգային իրավասու օղակների կողմից նման դեպքերը պետք է ենթարկվեն անհատական ուսումնասիրության և արժանի գնահատականի՝ իրենց իրավասություններին համահունչ ձեռնարկելով համապատասխան գործողություններ:

«Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն ոտնահարումները և ռազմագերիների միջազգայնորեն երաշխավորված իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկի։ Պետք է գործադրվեն պատասխանատվության մեխանիզմներ․ քանի դեռ հանցագործություն իրականացրած անձինք չեն ենթարկվել պատասխանատվության, նմանատիպ հանցագործությունների վտանգը պահպանվելու է, և դրանք շարունակելու են լրջագույն մարտահրավեր լինել միջազգային հումանիտար իրավունքին:

Հիշեցնեմ՝ համաձայն «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնեւի կոնվենցիայի դրույթների՝ գերության մեջ պահող տերությունն է պատասխանատվություն կրում ռազմագերիների հետ վարվելակերպի համար: Ռազմագերիների հետ պետք է մշտապես վարվել մարդասիրաբար: Գերության մեջ պահող տերության ցանկացած անօրինական գործողություն կամ անգործություն, որոնք հարուցում են նրա իշխանության տակ գտնվող ռազմագերու մահը, կամ ռազմագերու առողջությունը դնում լուրջ սպառնալիքի տակ, արգելվում են և կդիտվեն որպես սույն Կոնվենցիայի լուրջ խախտումներ: Ռազմագերիները նաև պետք է մշտապես օգտվեն պաշտպանությունից, հատկապես բռնության կամ ահաբեկման ամեն տեսակի ակտերից, վիրավորանքից և ամբոխի հետաքրքրասիրություններից: Նրանց նկատմամբ պատժամիջոցների կիրառումն արգելվում է: Ցանկացած հանգամանքներում ռազմագերիներն ունեն իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունք: (...):

Հարգելի՛ միջազգային գործընկերներ, Ձեր աչքի առաջ Ադրբեջանը ոտնահարում է միջազգային հումանիտար իրավունքը, մի՛ լռեք, գործե՛ք, քանի դեռ ուշ չէ»,- գրել է Թովմասյանը: