Լրահոս
Քաղաքական
14:40
25.05.22
184

Ընդդիմությունը հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ կհրավիրի

Img default alt hy

Մենք ժողովրդի կողմից  ունենք մանդատ, պարտավոր ենք սպասարկել այդ մանդատը, բարձրացնել ժողովրդի խնդիրները։ Այսօր մեզ տված մանդատը  պահանջում է լինել փողոցում և սպասարկել այդ օրակարգը։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը

«Մենք հստակ ասել ենք՝ խորհրդարան կվերադառնանք մեր օրակարգով։ Այստեղից ևս  մեկ անգամ ասում եմ՝ այդ օրակարգը մենք ձևավորելու ենք, մենք պահանջելու ենք արտահերթ նիստ հաջորդ շաբաթ։ Երեկոյան մանրամասն հանդես կգամ՝ ինչ նիստով,  ինչ օրակարգով,  հիմա հայտարարում եմ՝  դե տղա են, թող գան։

Իշխանությանը հրավիրում եմ խորհրդարան, բայց հրավիրում եմ մեր օրակարգով,  ոչ թե  իրենց կեղծ ու շինծու։ Հրավիրում եմ ժողովրդի օրակարգով»,- ասել է Սաղաթելանը։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավորների հարգելի ու անհարգելի բացականերին, նա ասաց. «Անհարգելին իրենք են, քանի որ  ժողովրդից կտրված են։ Այսօր մենք ենք իրենց բացակա դնում, ոչ թե  իրենք։  Մենք ոչ թե խուսափում ենք խորհրդարան գնալուց, այլ հիմար օրակարգերին մաս կազմելուց։ Գնանք այնտեղ,  հարցեր տանք կապիտուլյանտին՝ ինչի՞ մասին։ Մենք բոլորը հարցերը տվել ենք, հարց չունենք, հետևաբար անիմաստ է  այդ օրակարգով  մասնակցել շոուներին, թատրոններին։

Իսկ խոսել դուխից, համարձակությունից… Մի հատ անցեք Ազգային ժողովի մոտով ու տեսեք՝ ինչ է կատարվում, քանի հազար զորք են բերել, շարել ԱԺ ներսում, դրսում, փողոցում ու խոսում են համարձակությունից, ընդդիմությունը վախենում է ԱԺ գնալուց։

Մի հատ այդ զորքը հանեք այդտեղից ու գալիս ենք, կտեսնենք՝ ով իրավունք ունի ընդհանրապես խոսել համարձակությունից»։