Լրահոս
Հասարակական
19:15
24.06.26
68

Ուժեղ քամին մեծ վնասներ է հասցրել  Տանձուտ գյուղում․ միայն մեկ ընտանիք մոտ 50 մլն դրամի վնաս է կրել

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ուժեղ քամի է սկսվել Տանձուտ գյուղում և հարակից դաշտավայրերում՝ լուրջ վնասներ հասցնելով գյուղատնտեսական տնտեսություններին, մասնավորապես՝ ջերմոցներին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, քամու հետևանքով մոտ 50 մլն դրամի վնաս է կրել նաև Տանձուտ գյուղի բնակիչ Արտակ Հերիքյանը։ Գրեթե ամբողջությամբ ավերել է նրան պատկանող շուրջ 3000 քառակուսի մետր մակերեսով ջերմոցային տնտեսությունը, որը, ականատեսների խոսքով, կարելի է ասել՝ հողին է հավասարվել։ Նա այդ տնտեսությունը հիմնել է տարբեր տեսակի վարկային միջոցներով ու հիմա ստացվում է, որ ոչ մի եկամուտ չի կարողանալու ստանալ։

Քամու հետևանքով վնասվել են ջերմոցի մետաղական կոնստրուկցիաները, հովացման համակարգերը, ծածկույթները, ինչպես նաև այնտեղ աճեցվող բույսերը։ Տնտեսության տարածքում ամենուր կարելի է տեսնել քամու պոկած և տարբեր ուղղություններով շպրտված մետաղական ու պոլիէթիլենային հատվածներ։

Գյուղացիների խոսքով՝ քամին եղել է աննախադեպ ուժգին և ընդամենը մի քանի րոպեում հասցրել է մեծ վնասներ պատճառել։ Նրանք մտահոգված են, որ նման աղետների հետևանքների հաղթահարումը միայն սեփական միջոցներով չափազանց դժվար կլինի։ Գյուղում բազմաթիվ ընտանիքներ իրենց եկամուտը ստանում են ջերմոցային տնտեսություններից, ուստի նման վնասները լուրջ հարված են ոչ միայն առանձին տնտեսվարողների, այլև ամբողջ գյուղի տնտեսությանը։

Գյուղացիները հույս ունեն, որ ՀՀ Կառավարությունը, Արմավիրի մարզպետարանը կօգնեն վնասներ կրած տնտեսություններին ոտքի կանգնել։