Լրահոս
Հասարակական
14:13
10.02.22
685

«Վրացական մածոնին ընդդեմ մածունի»-ն տեխնիկական սխալ էր․ վրացական հեռուստաալիքը ներողություն է խնդրում

Փետրվարի 9-ին վրացական «Իմեդի» հեռուստաընկերության 20։00-ի «Քրոնիկոն» լրատվական հաղորդման ընթացքում սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարի վրա պատկերված են եղել խնդրահարույց և անընդունելի գրություններ, հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանատնից։

«Խնդրի առնչությամբ Վրաստանում ՀՀ դեսպանությունը անմիջապես կապ է հաստատել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ և հարցի առնչությամբ պարզաբանում խնդրել։ Փետրվարի 10-ին «Իմեդի» հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել տեղի ունեցած միջադեպի համար։ Ստորև ներկայացնում ենք հեռուստաընկերության պաշտոնական կայքում հրապարակված տեքստը և դրա հայերեն թարգմանությունը»։

Այսօր հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել, որում, մասնավորապես, ասված է․

««Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է հայցում տեխնիկական սխալի համար։

«Քրոնիկոն»-ի 20։00-ի հաղորդման ընթացքում տեղի է ունեցել սխալ։ Մասնավորապես, «Վրացական մածոնին ընդդեմ մածունի» սյուժեի ցուցադրության ընթացքում օգտագործված լուսանկարի վրայի գրությունը չի համապատասխանել բնօրինակին։

«Իմեդի» հեռուստաընկերության տեղեկատվական ծառայությունը պարզաբանում է, որ դա եղել է տեխնիկական սխալ, ափսոսանք է հայտնում և ներողություն է հայցում թույլ տված սխալի համար։

Սյուժեի այդ հատվածը կհեռացվի Հոլդինգի բոլոր սոցիալական հարթակներից»։

Եթերի ժամանակ, հիշեցնենք, էկրանին հայտնվել են կաթնամթերքի շշեր, որոնց վրա վրացերեն գրված է եղել «մածուն», իսկ հայերեն՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, տոլման նույնպես ադրբեջանական է»։