Լրահոս
Հայաստան
13:35
18.01.22
304

Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործում Ռուբեն Ռուբինյանի հետ կա աշխատանքային խումբ. նա խորհրդակցել է նախկինում բանակցողների հետ

Img default alt hy

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը չի կիսում այն տեսակետը, թե ինքը, որպես Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ ներկայացուցիչ, պետք է լինի անձեռնմխելի կամ անքննադատելի:

«Հակառակը, ես կարծում եմ, որ քննադատության իրավունքն ու հնարավորությունը լավագույն բաներից է, ինչ մեզ հետ եղել է վերջին տարիներն ու բոլորին հրավիրում եմ քաղաքական ու բովանդակային քննդատության ենթարկել թե մեր քաղաքականությունը, թե իմ գործողությունները, թե իմ համեստ անձը», - Ազգային ժողովում հայտարարեց նա:

Ըստ Ռուբինյանի՝ Ազգային ժողովը տեղ-տեղ դարձել է անիմաստ կուսակցությունների վայրի հոմանիշ ու խոսում են ոչ թե ըստ էության, այլ խոսում են աղմուկային տրամաբանությամբ:

ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործում իր հետ կա աշխատանքային խումբ, որը կազմված է դիվանագետներից ու ԱԳՆ աշխատակիցներից: Ինքը խորհրդակցել է համապատասխան մասնագետների հետ, նաև՝ նախկինում բանակցողների հետ. անուններ, սակայն, չի տա:

«Ես շատ բաց եմ քննարկումների համար, բայց ես ցավում եմ, որ այս թեմայի քննարկումներն անցում են ծայրահեղ մանիպուլյացիոն մթնոլորտում»,- ասաց նա:

Անդրադառնալով «ազդեցության գործակալ»-ի թեմային՝ Ռուբինյանն ասաց, որ իր համար քաղաքական դաշտի կամ պետության վերջին տասնամյակների գլխավոր քաղաքական պրոբլեմը քաղաքական երեսպաշտությունն է:

«Դուք կամ ձեր հետ փոխկապակցված ուժերը, լրատվամիջոցները անում եք շատ սպասելի բան՝ ինձ փորձել կասկածների միջոցով ներկայացնել որպես կասկածելի կապերով անձ ու ինձ մոտ հարց է առաջանում՝ լավ, ինչպես կարող է մի խմբակցություն, որի անդամների մի մասը ՀՅԴ-ից է, որն, օրինակ, Ցեղասպանությունից առաջ համագործակցության փաստաթուղթ է ստորագրել երիտթուրքական ուժի հետ, մի ուժ, որը 1918 թվականին այցելել է Պոլիս ու ասել՝ Հայաստանն իր անկախութամբ պարտական է Թուրքիային, մի ուժ, որի ներկայացուցիչ Վրացյանը 1921 թվականին դիմել է Քեմալական Թուրքիային ռազմական աջակցության համար, մի ուժ, որը մեր օրերում սատարել է Ռոբերտ Քոչարյանին, որի օրոք ընթացել են գաղտնի բանակցություններ Հայաստանի ու Թուրքիայի միջև», - մանրամասնեց Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում ՀՀ ներկայացուցիչը:

Ռուբինյանն ասաց, թե մարդիկ հոգնել են ամեն օր լսել՝ թուրք, գործակալ, դավաճան արտահայտությունները: