Լրահոս
Հասարակական
16:20
06.06.22
144

Թող մեր Վահանը վերջին զոհը լինի. մի արև էլ հողին հանձնեցինք

Img default alt hy

«Aravot.am»-ը գրում է.

«Վահան Սուլյանի դին երկու օր առաջ ամփոփվեց Երևանի Շահումյանի գերեզմանոցում։ Նրա ծնողները չկարողացան մասնակցել որդու հուղարկավորությանը, փոխարենը ներկա էին Սևակ եղբայրը, երևանաբնակ հարազատներն ու բազմաթիվ ընկերները: Մահը, եթե ժամանակին է այցելում, բոլորս կամա թե ակամա հաշտվում ենք կորստի հետ: Բոլորովին այլ է անժամանակ այցելության պարագան: Ցավի մեծության մասին չխոսենք, մանավանդ որ, 44-օրյա պատերազմը շատ երիտասարդ կյանքեր խլեց ու դեռ ունենք բազմաթիվ ռազմագերիներ, բայց դժվար է հաշտվել այն դժբախտ պատահարների ելքի հետ, որ կարող էին չլինել, եթե։

Մայիսի 28-ին, Տավուշի մարզի «Թաքնված ջրվեժում» մահկանացուն կնքեց Սուրիայի Քեսաբից հայրենադարձած Վահան Սուլյանը, երբ փորձում էր իրենից առաջ սահած ընկերոջը փրկել: Ճակատագրի հեգնանքն է՝ նա փրկվեց, հայտնի լողորդ Վահանը՝ ոչ: Աճապարելուց սայթաքել՝ վայր էր ընկել, կոտրել ուսագլուխը, դաստակն ու գիտակցությունը կորցրած գահավիժել ջրվեժի ստեղծած մեծ փոսն ու խեղդվել։ Տեղանքում բազում փնտրտուքներն ու ուսումնասիրություններն անիմաստ էին, նրա դին հայտնաբերեցին միայն հաջորդ օրը՝ ջրվեժի տակ։

Վահանը հոգևոր կրթություն էր ստացել Հալեպում, սակայն չէր ձեռնադրվել, որպես կուսակրոն հոգևորական: Հայրենիքի սերը բերել էր նրան Հայաստան: Նա արշավների մեծ սիրահար էր, գիտակ էր հայրենի բնության ամեն մի անկյանը, ոտատակ էր տվել նաև Արցախը: Երևանում նա շատ դժվարություններ հաղթահարեց, ապրում էր վարձով, աշխատում էր մի քանի տեղ, սկզբում՝ բարում, իսկ զուգահեռ ինքնուրույն հաղթահարում էր ծրագրավորման դժվարությունները։ Այս բնագավառում նա շատ արագ աճեց ու մի քանի տարում դարձավ պահանջված մասնագետ: Արդեն Երևանում բնակարան էր ընտրել, որ պետք է գներ, բազում լուսավոր ծրագրեր ուներ: Վերջերս գնել էր մեքենա ու շտապել էր ցույց տալ սիրած աղջկան։ Միասին վարել էին Երևանի փողոցներով…»