Լրահոս
Հասարակական
19:44
17.02.22
152

Տեղեկությունը, թե մենք շենք ենք կառուցում, իրականությանը չի համապատասխանում․ կառուցապատող ընկերության արձագանքը բողոքի ակցիային

Img default alt hy

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունն արձագանքել է այսօր կառավարության դիմաց Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցների կազմակերպած բողոքի ակցիային հնչած պնդումներին՝ մասնավորապես նշելով, որ իրենց կողմից կառուցվող համալիրը կենտրոնի գլխավոր մասնաշենքից ոչ թե 20, այլ 47 մետր է հեռու։ Ներկայացվել են նաև այլ հակադարձումներ։

«Այսօր ՀՀ կառավարության դիմաց Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի մի խումբ աշխատակիցների ակցիայի մասնակիցների կողմից արված հայտարարությունը, թե մեր համալիրը լինելու է իրենց տարածքից 20 մետր հեռավորության վրա, ապատեղեկատվություն է:

Համալիրն իրենց կենտրոնի գլխավոր մասնաշենքից հեռու է 47 մ, իսկ մնացած շենքերից՝ 37 մետր: Հեռավորությունները համապատասխանում է քաղաքաշինական նորմերին:

Տեղեկությունը, թե մենք շենք ենք կառուցում իրականությանը չի համապատասխանում, մենք կառուցում ենք էներգախնայող, էկոարդյունավետ և բազմաֆունկցիոնալ համալիր: Կառուցվելու է ժամանակակից «կանաչ» շենք՝ էկոշինարարության բոլոր ստանդարտներին համապատասխան:

Իրականացնելու ենք ոչ թե 10 միլիոն դոլարի ներդրում, այլ 10 միլիարդ դրամի, որի մեծ մասն ուղղակի օտարերկյա ներդրում է:

Փոխտնօրենի հայտարարությունը, որ իրենց շանտաժ են անում, զրպարտություն է: «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունից որևէ ներկայացուցիչ շանտաժ չի արել հարևանությամբ գտնվող մասնաշենքերի որևէ աշխատակցի:

 Հայտարարության համար, թե որպես կաշառք, իրենց առաջարկել ենք շահավետ պայմաններով բնակարաններ, «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը կդիմի դատարան՝ իր բարի համբավը վերականգելու համար:

 Մեր ընկերության ներկայացուցիչներն առաջին հանդիպման ժամանակ պարզապես ներկայացրել են, որ համալիրում երիտասարդ մասնագետների ու գիտնականների համար երկարաժամկետ վճարման շահավետ պայմաններով բնակարաններ են լինելու:

Ընկերությունը հանդիսանում է նշված տարածքի օրինական սեփականատերը և ունի գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունք»,- նշված է «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության տարածած հայտարարությունում։