Լրահոս
Արցախ
22:33
09.10.22
132

«Ամեն մեկս անտեր ենք». Ստեփանակերտում վերսկսվել է բողոքի ակցիան

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ նախագահական նստավայրի դիմաց, այսօր երեկոյան վերսկսվել է անցած գիշեր ընդհատված հանրահավաքը, որի մասնակիցները Արայիկ Հարությունյանից պարզաբանումներ են պահանջում Արցախի Հանրապետության ճակատագրի վերաբերյալ:

Արցախում բողոքի նոր ալիք բարձրացրին Պրահայում Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները, ըստ որոնց` Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Բազմաթիվ փորձագետներ սա համարում են Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու դավաճանական քայլ՝ ՀՀ իշխանության կողմից:

Ցուցարարները կասկածում են, որ Արցախի նախագահին Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է բանակցային բոլոր մանրամասները և, որ Արայիկ Հարությունյանը, իրոք, տեղյակ է Արցախի համար բախտորոշ որոշումների նրբություններին:

Ցուցարարները սպառնացել էին այսօր ավելի վճռական գործողությունների դիմել, եթե Արայիկ Հարությունյանը չգա և  հստակ չպատասխանի իրենց հարցերին, սակայն օրվա ընթացքում ստացված մի լուր համեմատաբար հանդարտեցրել է տրամադրությունները:

Հանրահավաքների կազմակերպիչ Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հեռախոսազանգով տեղեկացրել է, որ պատվիրակություն է մեկնում Երևան՝ Արցախի շուրջ ստեղծված վիճակը քննարկելու:

Արայիկ Հարությունյանից բացի՝ Հայաստանի իշխանության հետ հանդիպումներին կմասնակցեն ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը և նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը:

«Մենք գիտենք, որ դա զուտ աչքակապություն է, այնպես չէ, որ այդ հանդիպումից հետո մի բան կփոխվի, հեսա դուրս կգան, ստից մի բան կհայտարարեն, այնքան որ մարդիկ այդ օրը կշտանան այդ ինֆորմացիայով»,- ասել է ակցիայի մասնակից Մարատ Ստեփանյանը: