Լրահոս
Միջազգային
14:30
29.05.25
203

Ստամբուլը դառնում է Ուկրաինայի հարցով բանակցությունների հիմնական հարթակը․ Շոյգու

Img default alt hy

Ստամբուլը դառնում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հիմնական հարթակը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ստամբուլի հարթակը դառնում է հիմնական հարթակը բոլոր ոլորտներում բանակցություններ վարելու համար՝ կապված Սև ծովի, սևծովյան գործարքի, հացահատիկի գործարքի և այժմ ռուս-ուկրաինական բանակցությունների հետ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Շոյգուն Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Օքայ Մեմիսի հետ հանդիպմանը։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ղեկավարությանը ռուս-ուկրաինական բանակցություններ վարելու համար Ստամբուլի հարթակը տրամադրելու համար։ «Մենք գիտենք, որ Անկարան զգալի ջանքեր է գործադրել, այդ թվում՝ անվտանգության ապահովման առումով, պատվիրակությունների աշխատանքի համար օպտիմալ պայմաններ ստեղծելու համար»,- ասել է Շոյգուն։ 

Նա շնորհակալություն է հայտնել Մեմիշին՝ անվտանգության հարցերով զբաղվող բարձրաստիճան ներկայացուցիչների միջազգային հանդիպմանը մասնակցելու համար՝ մանրամասնելով, որ սա նրա առաջին այցն է Մոսկվա։

Շոյգուի խոսքով՝ «ռուս-թուրքական քաղաքական երկխոսությունն ակտիվորեն զարգանում է բոլոր ոլորտներում»։ «Մենք Անկարայի հետ կապված ենք առևտրի, տնտեսական և էներգետիկ ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի հաջող իրականացմամբ»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Ըստ նրա՝ երկկողմ համագործակցության արդյունավետությունը «մեծապես պայմանավորված է երկու երկրների ղեկավարների միջև վստահության երկխոսության ինտենսիվությամբ. նախագահներ (ՌԴ) Պուտինը և (Թուրքիայի Ռեջեփ Թայիփ) Էրդողանը կանոնավոր կերպով շփվում են հեռախոսով։ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարը հիշեցրել է, որ «առաջնորդների միջև ևս մեկ մանրամասն խոսակցություն տեղի է ունեցել մայիսի 11-ին»։