Լրահոս
Հասարակական
14:23
10.02.22
325

Սուրճը կարող են վերցնել «տանելու բաժակով», 10 րոպե քայլել մինչև մոտակա ծխելու տեղը․ Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում համաձայնել է, որ բացօթյա սրճարաններից օգտվող ծխող քաղաքացիների համար ծխախոտի օգտագործման արգելքը հավելյալ խնդիրներ կառաջացնի։ Սուրճի հետ մի գլանակ ծխախոտ վայելելու ցանկություն ունեցողները, Քերոբյանի խոսքով, կարող են սուրճը սրճարանից գնել, դրսում խմել։

«Կարելի է սուրճը վերցնել «տանելու բաժակով» և փողոցում խմել»,- ասել է նա։

Կասկադի տարածքում և Սարյան փողոցում իրար չափազանց մոտ գտնվող սրճարաններից օգտվողները, նույնիսկ սրճարանի տարածքից դուրս ծխելու դեպքում, ակամայից հարևան սրճարանում են հայտնվում, նկատեցին լրագրողները։

«Կասկադում ընդամենը փողոցի հակառակ կողմում արդեն սրճարանի տարածք չէ, այգու տարածքում հանգիստ կարելի է ծխել։ Իսկ Սարյանի վերաբերյալ, այնտեղ պետք է նայել․ կարող են խնդիրներ լինել, բայց որևիցե խնդիր չկա․ 10 րոպե կամ 3 րոպե քայլեն մինչև մոտակա ծխելու տեղը»,- ասել է Քերոբյանը։

Նա հասկանում է, որ անհարմարություններ են առաջանում ծխողների համար, բայց փակ և բացօթյա ռեստորան-սրճարաններում ծխելն արգելելու շարժառիթն այն է, որ ծխողներն սկսեն քիչ ծխել։