Լրահոս
Հայաստան
15:50
14.12.20
105

Սգո օր է հայտարարում, բայց ես ինչ զգացում էլ ունենամ, երբեք Նիկոլի հետ նույն շարասյունով չեմ շարժվի. Վազգեն Մանուկյան

Img default alt hy

«Սգո օր է հայտարարում, բայց  պիտի ասեմ, որ ես ինչ զգացում էլ ունենամ, երբեք Նիկոլի հետ նույն շարքով, նույն շարասյունով չեմ շարժվի։ Ես առանձին կգնամ, ես գիշերը կգնամ, բայց ինձ երբեք թույլ չեմ տա իր կողքով քայլել»,- նշեց Վազգեն Մանուկյանն այսօր մտավորականների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով,-«Սգո օրվա մասով թող ամեն մեկն իր համար որոշում կայացնի։ Ինչ վերաբերում է ձեր նշած քաղաքակիրթ ցույցերին, կասեմ, որ ես այլընտրանք ուղղակի չեմ տեսնում։ Այս խաղաղ ցույցերը, մեր կողմից խաղաղ, ոստիկանության կողմից՝ ոչ, տանում են նրան, որ բոլոր կառույցները կամաց-կամաց հասկանում են, որ Փաշինյանի հետ ճանապարհ չունեն անցնելու, քիչ-քիչ անցնում են ժողովրդի կողմը և այն ժամանակ, երբ արդեն մեծ հատվածը անցնի մեր կողմը , շարժման կողմը, Փաշինյանն ուղղակի դատապարտված է։ Այս պահին ինչ-որ շենք գրավելը, ոնց որ 1996-ին գրավեցինք, հարց, կարելի է ասել , չի լուծում։ Իսկ հանրահավաքներն ու երթերը ավելի բազմամարդ կլինեն, երբ ժողովուրդը դուրս կգա սգի մեջից, ժողովուրդը սգի մեջ է»։

Պատասխանելով ՀՀԿ նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի հարցերին՝  Վազգեն Մանուկյանը խոստովանեց, որ ինքը ևս մինչ օրս ամբողջությամբ չի պատկերացնում կատարվածը: «Անկեղծ ասած՝ ես մինչև հիմա լրիվ չեմ հասկացել, թե ինչ է եղել, որովհետև սրա հետևանքներն այնքան սարսափելի են, որ դժվար է պատկերացնել։Այն, ինչ արել է կամ անում է Նիկոլը, դրա տակ երբեք չի եղել և չկա սիրտ կամ զգացմունք։ Նա միայն մանիպուլյացիա է անում ժողովրդի հետ և պիտի ասել, որ ինքը մեծ շնորհք ունի այդ հարցում։ Լավ կլիներ, որ մենք իրեն օգտագործեինք ուրիշ երկրներում խնդիրներ լուծելու հարցում։

Այս խայտառակ և ամոթալի պարտությունն իմ մոտ դառնություն է առաջացնում նաև այն պատճառով, որ ես գիտեմ՝ դա կարելի էր կանխել: Այսպիսի բան կարող էր չլինել: Մի կողմ թողնենք այն, որ դեռ 2,5 տարի նախապատրաստվում էր այս ամեն ինչը: Ճիշտ քաղաքականության դեպքում այս պատերազմը կարող էր լինել ոչ թե հիմա, միգուցե՝ ավելի ուշ: Բանակցությունները տապալեցինք, հակառակորդին գրգռեցինք և մտցրեցինք պատերազմ: Եթե մենք 2,5 տարի գոնե մի քիչ շարունակեինք զբաղվել բանակով, պարտություն չէինք ունենա: Վերջում էլ ստորագրվեց մեզ համար ոչ ընդունելի, խայտառակ մի համաձայնագիր, որը մենք խախտել չենք կարող, որովհետև դրա հետևանքների դեմ պայքարելու մեր ուժերն արդեն սպառված են»,- ասաց Վազգեն Մանուկյանը։