Լրահոս
Հասարակական
10:25
31.01.22
141

Սա կարևոր նշանակություն ունի հետագա բանակցային գործընթացի առումով. Մելիքյանը` Արցախի ԱԺ ներկայացվելիք նախագծի մասին

Img default alt hy

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ողջունելի և կարևոր է համարում Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունների «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագծի մշակումը:

«Ինքնին գաղափարը ողջունելի է, եթե հայկական առաջին պետությունը, կարծես թե ձեռքերը լվացել է արցախյան խնդրի հետ կապված հարցերից, ապա  հայկական երկրորդ պետությունը գոնե պետք է որոշ քայլեր  ձեռնարկի: 

Այս օրենքը երկու բաղադրիչ ունի` քաղաքական և իրավական:  Քաղաքականը` ի լուր միջազգային հանրության  հայտարարել, որ մենք չենք հաշտվում պատերազմի արդյունքների հետ համարում ենք, որ դա եղել է ոչ իրավաչափ և Արցախի Հանրապետության սահմանադրական տարածքները պետք է վերադարձվեն: Երկրորդը իրավական բաղադրիչն է, և որոշակի ելակետային դրույթներ նախատեսի այդ տարածքների բնակիչների համար, որը նույնպես կարևոր  է նրանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից: 

Ինչ վերաբերում է դրանց գործնական նշանակությանը միջազգային հարաբերություններում, ապա անկեղծ պետք է լինենք և գիտակցենք, որ չճանաչված պետության կողմից ներկայացված պահանջները, չեն կարող նույն կշիռն ունենան, ինչ օրինակ ճանաչված պետությունների մասով: 

Երբ համանման գործողություններ ժամանակին կատարում էր Ադրբեջանը, ապա այդ գործողություններն, իրոք, որոշակի անհարմարություններ էին ստեղծում ներդրողների համար և այլն:

Ամեն դեպքում ճանաչված և չճանաչված երկրների համանման գործողությունները, ցավոք սրտի, նույն ուժն ու ազդեցությունը չունեն»,- «NEWS.am»-ի հետ զրույցում ասել է նա:

Արցախի նախկին ՄԻՊ-ի խոսքով` քաղաքական մակարդակում կարևոր է այս նախաձեռնությունը, որպեսզի հետագա քաղաքականությունը  ի լուր աշխարհի հայտարարի, որ այդ տարածքները համարում է բռնազավթված. «Սա ինքնին ունի կարևոր  նշանակություն հետագա բանակցային գործընթացի առումով»:

Մելիքյանը չի կարծում, որ այս նախաձեռնությանը որևէ կերպ կարող են խոչընդոտել Հայաստանի  ներկայիս իշխանությունները:

Արցախի Ազգային ժողովի 5 խմբակցությունների ղեկավարները համատեղ «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծ են մշակել և այն փետրվարի 2-ին կներկայացնեն առաջին ընթերցման: