Լրահոս
Առողջապահական
21:15
15.05.23
642

Քորը` որպես ներքին օրգանների և մաշկային հիվանդությունների ախտանիշ

Img default alt hy

Aysor.am-ի փոխանցմամբ՝ հաճախ քորը ոչ միայն մաշկի, այլև ներքին հիվանդությունների, նյարդային համակարգի հիվանդությունների, հորմոնալ խանգարումների,  նույնիսկ ուռուցքների առաջին ախտանիշներից կարող է լինել։ Այդ իսկ պատճառով, երևույթն այժմ դիտվում է որպես «միջդիսցիպլինար ախտանիշ» և որոշ դեպքերում նույնիսկ առանձնացված է՝ որպես առանձին հիվանդություն։

Սուր ընդհանրացված քորը ավելի հաճախ սննդի, դեղորայքից ալերգիայի, ցրտին, շոգին արձագանքելու և այլնի հետևանք է: Հաճախ ընդհանրացված քորը հուշում է լուրջ հիվանդությունների մասին, ինչպիսիք են՝ շաքարային դիաբետը, աղեստամոքսային տրակտի, երիկամների չարորակ նորագոյացությունները և այլն։

Տեղայնացված քորն առավել հաճախ առաջանում է գլխամաշկի և անոգենիտալ գոտում և ունի պարոքսիզմային բնույթ։ Անալի շրջանում այս երևույթի զարգացման պատճառները, որպես կանոն, համարվում են կոնքի օրգանների քրոնիկական բորբոքային պրոցեսների, վարակների արտահայտություններ։ Տեղայնացված քոր է նկատվում նաև ցաների շրջանում՝ մաշկային տարբեր հիվանդությունների դեպքում (պսորիազ, ատոպիկ դերմատիտ և այլն):

Քորը, որը տևում է ավելի քան 6 շաբաթ, համարվում է քրոնիկ:

Չափահաս բնակչության շրջանում դրա հաճախականությունը, ըստ ուսումնասիրությունների, կազմում է 8-9%: Քրոնիկ երևույթներ են նկատվում մաշկային տարբեր հիվանդությունների և համակարգային հիվանդությունների ժամանակ։

Երիկամների քրոնիկ հիվանդության դեպքում քորի առաջացման հիմքում ընկած մեխանիզմները լիովին պարզված չեն:

Ենթադրվում է նյութափոխանակության խանգարումների դերը, ինչպես նաև օփիոիդային ընկալիչների ներգրավումը գործընթացում և մաշկի չորության ավելացումը։ Քորը զարգանում է, որպես կանոն, 2-3 ամիս հետո։

Հեմոդիալիզի մեկնարկից հետո 25-50% դեպքերում այն ընդհանրացված է, մյուս դեպքերում՝ տեղայնացված։ Որպես կանոն, քորն առավել արտահայտված է մեջքի և դեմքի հատվածում։

Լյարդի հիվանդությունների ժամանակ քորը շատ տարածված ախտանիշ է (նկատվում է լյարդի ցիռոզի դեպքերի 80%-ում, վիրուսային հեպատիտ C-ի բոլոր դեպքերի 15%-ում)։ Որպես կանոն, այն սկսվում է ափերի և ներբանների, ինչպես նաև հագուստի շփման հատվածից: Բնութագրվում է գիշերային ժամերին ուժեղացումով։ Ժամանակի ընթացքում քորը ընդհանրացված բնույթ է ստանում։

Էնդոկրին պաթոլոգիայի, շաքարային դիաբետի և պարաթիրոիդ գեղձերի հիպերֆունկցիայի դեպքում, քորը կարող է ուղեկցվել այրման զգացողությամբ. D վիտամինի, հանքանյութերի, երկաթի պակասը նույնպես հանգեցնում է այս երևույթի զարգացմանը։ Երկաթի դեֆիցիտի դեպքում հաճախ նկատվում է «ջրային քոր» (ջրի հետ շփման ժամանակ): Որպես կանոն, երկաթի և հանքանյութերի նորմալ մակարդակի վերականգնումը հանգեցնում է ցանկացած ախտանիշի վերացմանը՝ թերապիայի մեկնարկից 2 շաբաթվա ընթացքում:

Քորը կարող է լինել ուռուցքների և արյան հիվանդությունների ախտանիշներից մեկը։ Որպես դրա առաջացման հնարավոր մեխանիզմներ, ենթադրվում են թունավոր ազդեցություններ, ալերգիկ ռեակցիաներ ուռուցքային բաղադրիչներին, ինչպես նաև ուղղակի գրգռիչ ազդեցություն նյարդերի և ուղեղի վրա։

Քորով ուղեկցվող համակարգային հիվանդությունների շարքից են նյութափոխանակության և էնդոկրինոլոգիական խանգարումները՝ երիկամային քրոնիկ անբավարարություն, լյարդի հիվանդություն, վահանաձև գեղձի և պարաթիրոիդ գեղձերի հիվանդություններ, երկաթի անբավարարություն։

Վարակիչ հիվանդությունները՝ ՄԻԱՎ վարակ, մակաբուծություն և հելմինթոզ ներխուժումներ:
Արյան հիվանդությունները՝ պոլիկիտեմիա, միելոդիսպլաստիկ համախտանիշ, լիմֆոմա։
Նյարդաբանական հիվանդությունները՝ բազմակի սկլերոզ, նյարդաբանություն, գլխուղեղի և ողնուղեղի ուռուցքներ, հետհերպետիկ նեվրալգիա։

Հոգեսոմատիկ և հոգեբուժական խանգարումները՝ դեպրեսիա, ուտելու խանգարումներ, երկբևեռ խանգարումներ։