Լրահոս
Իրավական
14:15
24.05.22
265

Քննչական կոմիտեն շարունակում է իջեցնել իր «նշաձողը»

Img default alt hy

Hraparak.am-ը գրում է․

«Երեկ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ ընդդիմության կազմակերպած հավաքի ընթացքում խուլիգանություն կատարելու գործով մեկ անձ ձերբակալվել է, ևս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ Մոլդովական և Թոթովենց փողոցների խաչմերուկում վերջիններս խախտել են հասարակական կարգը. հայհոյել և վիրավորել են անցորդներին, խոչընդոտել երթևեկությունը՝ ձեռքերով և ոտքերով հարվածելով «Մազդա» մակնիշի ավտոմեքենային, բռնություն գործադրել դեպքին միջամտած երիտասարդի նկատմամբ և այլն, 1 անձ ձերբակալվել է: Կից ներկայացրել են տեսանյութ՝ դեպքի վայրից: Սակայն այն փաստում է բոլորովին այլ բան:

Ակնհայտ երևում է, որ գործ ունենք դասական սադրիչի հետ. նշված մեքենայի վարորդը մեքենան ուղղակի մխրճում է խաղաղ ցուցարարների մեջ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը: Նրան չեն կանգնեցնում խաղաղ ցուցարարների՝ կանգ առնելու հորդորները: Դրանից հետո ցուցարարները կանգնեցնելու նպատակով ձեռքերով հարվածում են մեքենային, որը շարունակում է վարել՝ մարդկանց վրաերթի ենթարկելու վտանգը հաշվի չառնելով: Բայց, փաստորեն, գործ է հարուցվում ոչ թե մարդկանց կյանքը վտանգի ենթարկողի, այլ՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ:

Հայաստանում այսօր կատարվում են գործողություններ, որոնք կործանում են ոչ միայն Արցախը, այլև՝ Հայաստանի Հանրապետությունը: Երկրի առաջին դեմքերի ձեռամբ ոտնահարվում է ՀՀ Սահմանադրությունը, բզկտվում է Հայաստանի տարածքը, իսկ Քննչական կոմիտեն զբաղված է սադրիչների կատարած գործողությունների հիման վրա քրեական գործեր հարուցելով: Այս կառույցի վարկանիշը գահավիժեց 2018-ի իշխանափոխությունից հետո:

Այսօր այն դարձել է Փաշինյանի կամակատար մի գրասենյակ, որը կատարում է նրա անմիջական հրամանները, իսկ կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մասին խոսելն անգամ անիմաստ է: Այս անհայտ երիտասարդը, որը Փաշինյանի շնորհիվ շատ արագ բարձրացավ վերև, ամեն ինչ անում է, որպեսզի կասեցնի դիմադրության շարժումը»: