Լրահոս
Քաղաքական
10:15
12.10.22
124

Քաղաքական վեկտորը փոխվո՞ւմ է․ ինչ հարց են տվել ՌԴ-ում Ալեն Սիմոնյանին

Img default alt hy

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով Մոսկվայում է: ՀՀ ԱԺ պատվիրակությունը ոչ միայն Վոլոդինի, այլև Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի ու ՌԴ խորհրդարանում ներկայացված Единая Россия խմբակցության ներկայացուցիչների հետ է հանդիպել:

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, տելեգրամյան ալիքներով լուր էր տարածվում, որ ՀՀ պատվիրակությանն ու մասնավորապես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին թե՛ Վոլոդինը, թե՛ Մատվիենկոն հստակ հարց են ուղղել՝ պարզաբանել՝ ՀՀ-ն արդյոք պատրաստվում է հրաժեշտ տալ ՀԱՊԿ-ին կամ, այսպես ասած, առ ոչինչ ճանաչել ՀՀ-ՌԴ ռազմավարական գործընկերությունը՝ փոխելով աշխարհաքաղաքական վեկտորը: Այս տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանին: Ի պատասխան՝ նա նշեց, որ նման բան չի եղել:

Տրամաբանությունը հուշում է, որ ՌԴ այցելած հայկական պատվիրակության անդամներին ռուսաստանցի գործընկերները առաջին հերթին քաղաքական վեկտորը փոխելու կամ նման մտադրություն ունենալու մասին հարցեր պետք է ուղղեին: Դրա մասին է վկայում նաև ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ երեկ արտահայտած միտքն այն մասին, որ Մոսկվան ԵՄ առաքելությունը դիտարկում է որպես Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը միջամտելու փորձ»։