Լրահոս
Հասարակական
15:28
29.01.22
142

ՊՆ-ն ու ԳՇ-ն իրավունք չունեն շնորհավորել բանակի տոնը. նրանք պարտության են մատնել մեզ, քայքայել ու ջախջախել են բանակը. Ավետիք Իշխանյան

Img default alt hy

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը համաձայն չէ ՔՊ-ական ՄԻՊ-ի թեկնածուի հետ, որ Հայաստանում քաղբանտարկյաներ չկան. նա պնդում է՝ Հայաստանում կան քաղբանտարկյալներ:

«Աշխարհում չկա որևէ երկիր, որն ընդունի, որ ունի քաղբանտարկյալներ, այդպիսի երկիր գոյություն չունի, ոչ մի երկիր, այդ թվում, Հայաստանի իշխանությունների բարեկամ Ադրբեջանը նույնպես չի ընդունում, որ ունի քաղբանտարկյալներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Իշխանյանը:

«Շատերի համար զարմանալի է, որ ՄԻՊ-ի թեկնածուն, որ ինքը պետք է լինի իրավապաշտպան, ժխտում է քաղբանտարկյալների հարցը, բայց, եթե նա ընդուներ, որ կան քաղբանտարկյալներ, ապա չէր առաջադրվի ՄԻՊ-ի պաշտոնում»,- նշեց Իշխանյանը:

Անդրադառնալով Հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ Պաշտպանության նախարարության ու Գլխավոր շտաբի կողմից ուղերձնել չհղելուն՝ Իշխանյանն ասաց, թե ուրախ է այդ ամենի համար:

«Նրանք իրավունք չունեն շնորհավորել բանակի տոնը, իրավունք չունեն այդ մասին խոսելու, որովհետև նրանք պարտության են մատնել մեզ և հայոց բանակին իրենց ապիկար կառավարման պատճառով։

Նրանք քայքայել ու ջախջախել են բանակը, կոտրել են բանակի ոգին: Եթե ես զինվորական լինեի, նրանց որևէ շնորհավորական կլիներ ինձ համար վիրավորական. պատիվ ունեցող զինվորականի համար պետք է վիրավորական լինի նրանց խոսքը»,- հայտարարեց Ավետիք Իշխանյանը: