Լրահոս
Հայաստան
22:34
16.02.22
502

Պետք է սպասել նոր պատերազմի. Աշոտ Մելքոնյանը՝ ադրբեջանաթուրքական վտանգավոր տանդեմի մասին

Img default alt hy

«Ես բացարձակապես չեմ զարմանում Ալիևի ռազմական հռետորաբանության վրա, որի հերթական դրսևորմանն ականատես եղանք նախօրեին։ Սա հուշում է այն մասին, որ, հատկապես, թուրք - ադրբեջանական համատեղ Շուշիի հռչակագրից հետո, այս տանդեմը շատ ավելի ցինիկ ու լկտի դարձավ՝ համառորեն շարունակելով ջանքեր գործադրել, այսպես կոչված, զանգեզուրյան միջանցքը ձեռք բերելու համար», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանը՝ հավելելով, որ Բաքվի նմանօրինակ հռետորաբանությունն, իհարկե, հուշում է սպասվելիք մոտալուտ պատերազմի մասին, ինչը կարող է հանգեցնել Սյունիքի դե ֆակտո անջատումը Հայաստանի Հանրապետությունից։

Հիշեցնենք, որ նախօրեին մամուլում շրջանառության մեջ էր մտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ակնա կատարած այցի ընթացքում հնչեցրած հերթական սպառնալիքները, որտեղ վերջինս հիշեցրել էր, թե 44 օրյա պատերազմի ավարտից ի վեր, Ադրբեջանը չի դադարել ռազմական ուղղությամբ վերազինվելու իր քաղաքականությունը՝ հայկական զինված ուժերին պատասխան տալու համար. «Մենք արյուն թափելով եկանք այս հողերը։ Մենք ամուր կանգնած ենք այս հողերի վրա և ապրելու ենք այստեղ»,- ասել էր Ալիևը:

Վերջինս անդրադարձել է նաև Երևանի և Բաքվի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի թեմային՝ նշելով, թե այն անպայման պետք է տեղի ունենա։ «Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է լինի խաղաղության պայմանագիր։ Այս համաձայնագիրը պետք է ստորագրվի իրավունքի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա՝ երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով»,- ասել էր Ալիևը։