Լրահոս
Միջազգային
13:02
25.05.22
170

Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունները շարունակվում են

Img default alt hy

Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 91 օր։ Այս ընթացքում ռուսական ուժերին հաջողվել է վերահսկողություն հաստատել Ուկրաինայի արևելյան և հարավային մի շարք շրջանների վրա։ Ըստ պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի՝ վերջին շաբաթվա ընթացքում ռուսական ուժերն ավելի մեծ առաջխաղացում են ունեցել, քան մայիսի առաջին շաբաթների ընթացքում, սակայն այդ առաջխաղացումը դանդաղ է։

Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ ռուսական ուժերը սկսել են ավելի ինտենսիվ կերպով գործի դնել ավիացիան՝ բարձր ճշգրտության զենքերի ոչ բավարար պաշարի պատճառով։ Մարտերը շարունակվում են Սևեռոդոնեցկի, Ավդեևկայի, Լիմանի ուղղություններում։

«Խարկովի ուղղությամբ հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել է դիրքերը պահելու վրա։ Լիմանի ուղղությամբ հակառակորդն ակտիվացրել է մարտերը։ Ռուս հակառակորդը հրետանու օգնությամբ հարձակում է վարում Սևեռոդոնեցկ բնակավայրի ուղղությամբ. մարտերը շարունակվում են։ Ավդեևկայի ուղղությամբ հակառակորդը չի դադարեցնում պաշտպանական ուժերի դիրքերի և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների ականանետային և հրետանային գնդակոծությունները։ Դոնեցկի և Լուգանսկի ուղղություններում հետ է մղվել 9 հարձակում», – հաղորդել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ խոսնակ Ալեքսանդր Շտուպունը։

Իսկ Զապորոժիեի մարզի ղեկավարությունը հաղորդել է, որ վաղ առավոտյան ռուսական ուժերը 4 թևավոր հրթիռ են արձակել Զապորոժիեի ուղղությամբ։ Ուկրաինական հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են դրանցից մեկը։

Ռազմական գործողությունների մասին տեղեկություներ է հայտնել նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Բարձր ճշգրտության հրթիռներով ռուսական ավիացիան խոցել է կառավարման երեք կետ, ուկրաինական զորքերի ռադիոտեխնիկական կենտրոն, լոգիստիկ կենտրոն, վառելիքի երկու պահեստ և հակաօդային պաշտպանության համակարգերի 2 ռադիոտեղորոշման դիրք։ Օդային և ծովային տեղակայման բարձր ճշգրտության հրթիռներով Զապորոժիեում ոչնչացվել են «Մոտոր Սիչ» գործարանի արտադրամասեր, որոնք արտադրում էին շարժիչներ ուկրաինական մարտական ավիացիայի, այդ թվում՝ անօդաչուների համար», – ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Նա հավելել է, որ Մարիուպոլի նավահանգիստը ականազերծումից և ապառազմականացումից հետո սկսել է աշխատել սովորական ռեժիմով։

Իսկ ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Դոնեցկի մարզի Սվետլոդարսկ քաղաքն անցել է Դոնբասի Ժողովրդական Հանրապետության ուժերի վերահսկողության տակ։ Նշվում է, որ ուկրաինական ստորաբաժանումները քաղաքից հեռացել են՝ առանց մարտի։

Իսկ Լուգանսկի ժողովրդական միլիցիան կադրեր է հրապարակել Պոպասնայայի շրջանի Տոշկովկա բնակավայրից՝ հայտնելով, որ այն անցել է իրենց վերահսկողության տակ։

Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին առավոտյան տեղեկագրում Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հիմնականում շեշտը դրել է պարենի արտահանման հետ կապված խնդիրների վրա։ Ըստ գերատեսչության՝ ռուսական շրջափակման պատճառով ուկրաինական հացահատկի զգալի պաշարները հնարավոր չէ արտահանել, ինչը հանգեցրել է հացահատկի համաշխարհային գների աճի։

Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական բանակցություններին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկիրը բանակցությունների սեղանի շուրջ կվերադառնա այն ժամանակ, երբ վերադարձնի փետրվարի 24-ից հետո կորցրած տարածքները։ Ի պատասխան՝ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկիի այս խոսքերը կառուցողական չեն և Մոսկվային ստիպում են կասկածել, որ նա ձգտում է խաղաղության։