Լրահոս
Միջազգային
18:15
29.05.25
228

Ուկրաինայում կարգավորման ճանապարհը երկխոսության միջոցով է․ անհրաժեշտ է մարել այս հրդեհը․ Էրդողան

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինայում կարգավորման ճանապարհը մեծ դիվանագիտության և մեծ երկխոսության միջոցով է, «անհրաժեշտ է մարել այս հրդեհը», հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ուկրաինայի հակամարտության լուծման ուղին ավելի մեծ երկխոսության, ավելի մեծ դիվանագիտության միջոցով է։  Մենք օգտագործում ենք մեր ողջ դիվանագիտական ուժն ու ներուժը խաղաղության հասնելու համար։  Մեր տարածաշրջանում այս մեծ հրդեհի մարումը, թե՛ մարդասիրական պարտք է, թե՛ բխում է մեր երկրի շահերից: Հուսով եմ, որ մեր խաղաղ ջանքերի արդյունքում մենք կհասնենք ցանկալի փոխզիջման։  Վերջին չորս տարիների ընթացքում ամբողջ աշխարհը հասկացավ, որ այս պատերազմը արմատապես փոխել է Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունը և հատկապես նրա էներգետիկ քաղաքականությունը: Եվրամիության կողմից Ռուսաստանից իր էներգետիկ կախվածությունը նվազեցնելու նոր ուղիների որոնումը մեծացրել է էներգակիրների տարանցիկ երկրների աշխարհաքաղաքական արժեքը, ինչպիսին է Թուրքիան»,-ասել է թուրք առաջնորդը լրագրողներին ինքնաթիռում՝ Ադրբեջանից վերադառնալուց:

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Ուկրաինային վերսկսել ուղիղ բանակցությունները՝ առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի հետ առաջարկվող բանակցությունների նպատակն է վերացնել հակամարտության արմատական ​​պատճառները և ապահովել Ռուսաստանի շահերը։ 

Ռուսական պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել մայիսի 15-ին, սակայն երկու երկրների ներկայացուցիչների միջեւ շփումներ չեն եղել։ Հանդիպումը կայացել է հաջորդ օրը և տեւել է գրեթե երկու ժամ։ 

ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ով գլխավորում է ռուսական պատվիրակությունը, ասել է, որ Մոսկվան և Կիևը պայմանավորվել են ներկայացնել իրենց տեսլականը հնարավոր ապագա զինադադարի վերաբերյալ։ Մեդինսկին հայտարարել է նաև Ուկրաինայի հետ բանակցությունները շարունակելու Ռուսաստանի պատրաստակամության մասին։ 

Լավրովը չորեքշաբթի ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Թուրքիայում հունիսի 2-ին, և Ռուսաստանն այնտեղ Ուկրաինային կներկայացնի իր հուշագիրը։