Լրահոս
Հասարակական
19:45
25.05.22
154

Ոստիկանական ուժերի սադրանքները և քաղաքացիների պատասխանները

Img default alt hy

«168.am» գրում է․ 

«Օրերս Հանրային հեռուսաընկերության եթերում, անդրադառնալով ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ կիրառվող անհամաչափ ուժին, ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն ընդունել էր, որ, ցավոք, ոստիկանության գործողություններում երբեմն տեսնում են անհամաչափ ուժի կիրառման դեպքեր։ Բայց և շտապել էր արդարացնել դրանք:

«Քաղաքացիների կողմից ևս ոչ իրավաչափ գործողություններ են իրականացվում։ Այդ դեպքերով 13 նյութ ունենք։ Շատ են դեպքերը, երբ ոստիկանության կողմից անհամաչափ գործողությունները եղել են քաղաքացիների սադրիչ պահվածքին ի պատասխան։ Կան դեպքեր, երբ ասեղով ծակում են ոստիկաններին»,- նշել էր նա:

Փոխոստիկանապետին, սակայն, հավանաբար ձեռնտու չէր Հանրայինի եթերում ասել, որ ոչ թե երբեմն, այլ բավականին հաճախ, մասնավորապես կարմիրբերետավորները, այն աստիճան վայրենավարի են իրենց պահում ակցիաների մասնակիցների նկատմամբ, որ նրանց ձեռքից քաղաքացիներին ստիպված են լինում խլել ոստիկանական մյուս ստորաբաժանումների ծառայողները՝ հաճախ պարզապես կանգնելով երկուսի արանքում:

Նա նաև, իհարկե, չէր խոսի այն մասին, որ ոստիկանները տակից խառնաշփոթի ընթացքում «քացով» անմարդկային ուժգնությամբ հարվածներ են հասցնում ցուցարարների ոտքերին, խեղդում են նրանց մատներով, ինչի մասին նույնիսկ ՄԻՊ-ն էր գրել:

Քաղաքացիները և լրատվամիջոցների ներկայացուցիչներն առանձին զրույցներում պատմել են, որ որոշ ոստիկաններ հաճախ տակից ոտքերով ուժգին հարվածներ են հասցնում, հայհոյանքներ տեղում. իսկ ինչո՞ւ տակից, որպեսզի տեսախցիկները դրանք չարձանագրեն»: