Լրահոս
Մամուլի տեսություն
11:47
10.02.23
117

Որ մարզերում է բնակչության թիվն ավելացել, որում՝ պակասել․ «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի մշտական բնակչության թվաքանակն ավելացել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 976 հազար 800 մարդ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 961 հազար 400 էր, այսինքն՝ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 15 հազար 400-ով է ավելացել:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը ՀՀ որոշ մարզերում պակասել է, որոշներում այն մնացել է նույնը, իսկ մի քանի մարզերում, հակառակը, ավելացել է: Լոռու մարզում բնակչության թվաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 400-ով: Նույն պատկերն է նաև Սյունիքի մարզում. մեկ տարվա ընթացքում բնակիչների քանակը պակասել է 500-ով: Տավուշի մարզում բնակիչների թիվը մնացել է նույնը` 49 հազար 900, Գեղարքունիքում՝ 65 հազար 900:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Շիրակի մարզում բնակիչների քանակը նվազել է՝ 134 հազար 100-ից դառնալով 133 հազար 600: Նշենք, որ Վայոց ձորում ևս բնակիչների թվաքանակը պակասել է: Բացի այս, նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ Երևանում բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 98 հազար 700, իսկ 2022 թվականի նույն ժամանակահատվածում՝ 1 մլն 92 հազար 800. Երևանում բնակիչների քանակն ավելացել է 5700-ով:

Նախկին և ներկա իշխանությունների կողմից մարզերի համաչափ զարգացման ծրագիրը այդպես էլ կյանքի չի կոչվում, ինչի հետևանքով տարեցտարի մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երևան, որտեղ և բնակություն է հաստատում, իսկ երևանաբնակները լքում են Հայաստանը: Այս երևույթը, փաստորեն, կարծես թե չի մտահոգել և չի մտահոգում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը»: