Լրահոս
Հասարակական
22:41
11.10.22
188

Նոր մանրամասներ՝ Երևանի Լվովյան փողոցում տեղի ունեցած ողբերգական դեպքից

Img default alt hy

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քր.օր-ի 155 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթը հարուցվել է հոկտեմբերի 9-ին Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան 25 հասցեի մոտ գտնվող ձորակում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Աշոտ Հ-ի դիակի հայտնաբերման փաստով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական բաժինն արդեն ստացել է Աշոտ Հ-ի վերաբերյալ վերջինիս մահվան մասին եզրակացությունը, որը տրվել է ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնից։

Ըստ դատաբժշկի՝ վերջինիս մահվան պատճառ է հանդիսացել տրավմատիկ, հեմոռոգիկ շոկը, ձախ ստորին վերջույթի պայթյունաբեկորային վնասվածքը՝ սրունքի, ոտնաթաթի ջնջխումով։

Գ. Շամշյանի տեղեկություննեով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները կատարել են հսկայածավալ աշխատանքներ ու պարզել են, որ հոկտեմբերի 7-ին, ժամը 16։00-ի սահմաններում Աշոը Հ-ն միայնակ քայլել է դեպի նշված ձորակ, որի ընթացքում նրա ձեռքում գտնվել է դեռևս չպարզված տեսակի նռնակ ու արդեն ձորակում նռնակի պայթյունի հետևանքով նա ստացել է մարմնական վնասվածքներ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դիակի հայտնաբերման վայրում կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է նռնականման լծակի նմանվող մետաղական դետալ՝ գործարային թվագրումներով։

Հարուցված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Աշոտ Հ-ի՝ այդ օրերի տեղաշարժը ֆիքսվել է նաև փողոցում տեղադրված մի քանի տեսախցիկների կողմից։