Լրահոս
Հասարակական
09:59
31.01.22
720

Նինա Խաչիգյանը նշանակվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության քաղաքականության հարցերով խորհրդի անդամ

Img default alt hy

Լոս Անջելեսի քաղաքապետի՝ միջազգային հարցերով առաջին տեղակալ Նինա Խաչիգյանը նշանակվել է ԱՄՆ ՊՆ քաղաքականության հարցերով խորհրդի անդամ, հաղորդվում է Ամերիկայի Հայկական Վեհաժողովի կայքում: 

Ընդգծվում է նաև, որ խորհրդի կազմում են այնպիսի ակնառու գործիչներ, ինչպիսիք են ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթն ու Հենրի Քիսինջերը: Դիվանագետ ու քաղաքական գործիչ Խաչիգյանն ավելի վաղ եղել է ԱՄՆ դեսպան Հարավ-Արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիային կից: Իր ծառայության ընթացքում նա արժանացել է Պետական դեպարտամենտի բարձրագույն պատվավոր պարգևի: 

«Վեհաժողովը շնորհավում է Խաչիգյանին այդ հեղինակավոր նշանակման կապակցությամբ: Հաշվի առնելով դեսպանի փորձն ու գիտելիքները՝ մենք չենք կասկածում, որ նա ծառայությանն արժանի կլինի»,-հայտարարել է Վեհաժողովի համանախագահ Էնթոնի Բարսամյանն ու Վան Կրիկորյանը: 

Դեսպան Խաչիգյանը նաև եղել է Ամերիկյան պրոգրեսի կենտրոնի գիտաշխատող ու ավագ փոխնախագահ, ինչպես նաև ասիական քաղաքականության գծով համաղեկավար նախագահ Օբամայի նախընտրական արշավի ժամանակ 2012 թվականին: 

Դեսպան Խաչիգյանը աշխատել է նաև Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում 1998-1999 թվականներին: Նա բազմաթիվ գրքերի, զեկույցների ու հոդվածների հեղինակ է: Խաչիգյանը Ամերիկայում ծառայող կին դեսպանների միության հիմնադիր է, որի կազմում ներառված է ավելի քան 200 գործող և նախկին դեսպան, մի շարք կազմակերպությունների համահիմնադիր է, խորհուրդների անդամ: