Լրահոս
Քաղաքական
11:10
11.10.22
240

Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 109

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է․ «Հոկտեմբերի 5-ին՝ խորհրդարանում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել բազմաթիվ իրարամերժ հայտարարություններով և հայտնել նաև այնպիսի տեղեկություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Օրինակ՝ այդ օրը նա շատ խոսեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի մասին։ «Վարդան Օսկանյանն է եղել, որ հրապարակային Հայաստանի Հանրապետությանը ճանաչել է օկուպանտ»,- հայտարարեց Փաշինյանը։ Այս պնդումը մանիպուլյատիվ է, քանի որ Փաշինյանն այն ներկայացնում է Օսկանյանի ընդհանուր մտքի համատեքստից կտրված։ Խոսքը 2001 թվականին Վարդան Օսկանյանի տված մի հարցազրույցի մասին է, որտեղ նա խոսում է Ղարաբաղյան հակամարտության և բանակցությունների մասին։ Նախ՝ Օսկանյանը հայտարարում է. «Հայաստանը չի ստորագրի մի փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում»։

Այսինքն՝ 2001 թվականին ԱԳ նախարարը բացառում էր որևէ դեպքում Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը։ Այնուհետև Օսկանյանը հայտարարում է, որ Ղարաբաղի հարցի՝ Հայաստանի համար ցանկալի լուծման դեպքում Ադրբեջանին կվերադարձվեն 7 շրջաններից 6-ը։ «Գիտեք, ինչքան էլ որ դա ցավոտ լինի, եթե այնտեղ (Զանգելանի շրջանում,- խմբ.) բնակիչներ կան, եթե մենք ստանում ենք Ղարաբաղի՝ մեզ համար ցանկալի կարգավիճակը, բոլոր օկուպացված տարածքները, բացի Լաչինից, պետք է վերադարձվեն»,- հայտարարում է Օսկանյանը։ Այսինքն՝ ակնհայտ է, որ օկուպացված տարածքների մասին Օսկանյանի խոսքը վերաբերում է ոչ թե Ղարաբաղին ընդհանրապես, այլ նախկին ԼՂԻՄ-ի հարևան 7 շրջաններին, որոնցից 6-ը հակամարտության լուծման դեպքում կվերադարձվեին Ադրբեջանին։ Եվ Փաշինյանի պնդումը, թե քանի որ Օսկանյանը խոսել է Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մասին, ապա դրանով ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, մանիպուլյատիվ է։ Այսպիսով փաստենք, որ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։