Լրահոս

2022-02-02
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Փրկարարները տարհանել են Սոչիի լեռներում ճոպանուղու վրա մնացած 37 ուղևորներին
    Փրկարարները տարհանել են «Կրասնայա պոլյանա» հանգստավայրի լեռներում ճոպանուղու վրա մնացած 37 ուղևորներին, տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: Ավելի վաղ նշվում էր, որ այսօր Սոչիում գտնվող խոշոր լեռնադահուկային հանգստավայրերից մեկում ճոպանուղին հանկարծ դադարել է աշխատել: «37 ուղևորների կյանքը փրկվել է։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Փրկարարական աշխատանքների ժամանակ ալպինիստական հանդերձանք է անհրաժեշտ եղել»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ճոպանուղուց մարդկանց տարհանումն իրականացվել է հանգստավայրի, ինչպես նաև Ռուսաստանի ԱԻՆ-ի փրկարարների ուժերով: Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտարարել է, որ ճոպանուղու կանգնելու պատճառը համակարգային ծրագրի խափանումն է եղել: Ճոպանուղու վրա մնացածները բժշկական օգնության կարիք չեն ունեցել։ Նրանց թեյ և սուրճ են հյուրասիրել։
    21:40
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուզբեկստանում ցանկանում են արգելափակել «TikTok»-ը
    Ուզբեկստանի «Ադոլաթ» («Արդարություն») սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը մեծությամբ երրորդ քաղաքական ուժն է երկրում և ներկայացված է նաև խորհրդարանում, «TikTok» սոցիալական ցանցն արգելափակելու կոչով է հանդես եկել։ Կուսակցությունն այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որում նշված է, որ «TikTok»-ը բացասական ազդեցություն է ունենում երիտասարդության վրա, սոցիալական ցանցում չափազնց շատ են երիտասարդների կողմից այլ անձանց կյանքի նկատմամբ ոտնձգությունները ներկայացնող տեսանյութերն ու հոլովակները։ «Ցավալի է, որ նման անընդունելի դեպքեր կան՝ հակասող մեր ժողովրդի արժեքներին․ հնագույն ժամանակներից մենք երիտասարդներին սերմանում ենք հարգանք մեծահասակների ու փոքրերի նկատմամբ։ Հարկավոր է խստացնել քրեական պատասխանատվության նորմերը, ամբողջությամբ արգելափակել բջջային հավելվածներն ու այնպիսի սոցիալական ցանցերը, որոնցից է «TikTok»-ը։ Դրանից ավելի շատ վնաս կա, քան օգուտ։ VPN-ի միջոցով «TikTok» մուտք գործելու խնդիրը ևս պետք է ուսումնասիրվի»,- նշված է սոցիալ-դեմոկրատների հայտարարությունում։
    21:28
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մոնթեի նկարների և նրա մասին գրառումների համար էջերի արգելափակման հարցով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է «Ֆեյսբուք»-ին
    Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի նկարների և նրա վերաբերյալ գրառումների հրապարակումից հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերի էջերի նկատմամբ կիրառվող արգելափակումների հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նամակ է ուղղել «Ֆեյսբուք»-ին։ Հատուկ շեշտադրվել է, որ «Ֆեյսբուք»-ի այս քաղաքականությունը վնասում է սոցիալական մեդիայում խոսքի ազատությանը, առավել ևս այն պարագայում, երբ Մոնթեն մեր ժողովրդի համար հայրենասիրության և առաքինության, անձնուրացության օրինակ է համարվում: Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել և «Ֆեյսբուք»-ին են ներկայացվել փաստեր, որ Մոնթեի մասին խոսվում է դպրոցական ու ԲՈՒՀ-ական դասագրքերում: Կից ներկայացվել են ապացույցներ արգելափակված կամ սահմանափակումների ներքո գտնվող օգտահաշիվների կամ էջերի վերաբերյալ:
    21:17
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պատրաստ ենք Ռուսաստանի հետ բանակցությունների՝ ցանկացած ձևաչափով․ Ուկրաինայի ԱԳՆ
    Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցությունների՝ ցանկացած հնարավոր ձևաչափով, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։ «Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի Դաշնության հետ՝ ցանկացած հնարավոր ձևաչափում։ Մենք երբեք չենք խուսափել բանակցություններից, տարիներով աշխատել ենք «նորմանդական ձևաչափում»՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ, որպեսզի դիվանագիտական լուծում գտնենք 8 տարի շարունակվող ռազմական հակամարտությանը»,- ասել է Կուլեբան։ Ուկրաինայի ԱԳ նախարարը նաև հույս է հայտնել, որ «նորմանդական ձևաչափով» (Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա) նոր գագաթնաժողով տեղի կունենա։
    21:10
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են
    Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են։ ԲԴԽ-ն հրապարակել է համապատասխան որոշումը։ «Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի Բախշիյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը»,–նշված է որոշման մեջ։ Նշենք, որ նախօրեին ԲԴԽ-ն բավարարել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները։
    21:00
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի ազգայնական կուսակցապետը Հայաստանին ուղղված նախապայմաններ է հնչեցրել
    Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության նախագահ Մուստաֆա Դեսթիջին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ փաստացի հնչեցնելով նախապայմաններ։ «Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի հետ կասեցվեն կարգավորման փորձերն այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը Ղարաբաղի «օկուպացրած բոլոր տարածքներից» դուրս չի եկել և չի հրաժարվել Թուրքիային ուղղված ցեղասպանակության «անհիմն պնդումներից»»,- ասել է նա։ Ազգայնական կուսակցապետը հայտարարել է նաև, որ եթե Հայաստանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա պետք է երկու կարևոր քայլ անի։ «Առաջինը՝ հրաժարվի Ղարաբաղի «բռնազավթած» բոլոր տարածքներից, երկրորդը՝ հրաժարվի այսպես կոչված Հայոց ցեղասպանության պնդումներից։ Առանց դրանցից հրաժարվելու, կարգավորման գործընթացը օգուտ չի բերի և երկարաժամկետ չի լինի: Կգա ապրիլի 24-ը, կրկին հայտարարություն կանեն և արդյունքում գործընթացը նորից կդադարի։ Ուստի, ի սկզբանե պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկել»,- ասել է Դեսթիջին։
    20:55
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Վարանդայի շրջանում իրականացված որոնումներն այսօր արդյունք չեն տվել
    Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել, հայտնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։ Զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1709 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
    20:45
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արամ Ա կաթողիկոսն անհրաժեշտ է համարում Լիբանանի քրիստոնյա-իսլամ հոգևոր պետերի հանդիպումը Վատիկանում
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Բկերկեի մարոնիական պատրիարքարանում հանդիպել է Վատիկանի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար (արտաքին գործերի նախարար), արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ, տեղեկացրել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։ «Նորին Սրբութիւնն ու նախարարը ընդհանուր արժեւորում մը կատարեցին 1 Յուլիս 2021-ին, Վատիկանի մէջ տեղի ունեցած Լիբանանի քրիստոնեայ հոգեւոր պետերու ժողովին ու անոր անդրադարձին Լիբանանէն ներս: Վատիկանի արտաքին գործոց նախարարը անդրադարձաւ Լիբանանի Հանրապետութեան Նախագահին եւ պետական պատասխանատուներուն հետ ունեցած իր հանդիպումներուն: Վեհափառ Հայրապետը առաջարկեց, որ Վատիկան, Լիբանանի մէջ մօտիկ ապագային տեղի ունենալիք երեսփոխանական ընտրութիւններէն առաջ, քրիստոնեայ-իսլամ հոգեւոր պետերու հանդիպում մը կազմակերպէ Վատիկանի մէջ՝ որպէս ամբողջացուցիչ քայլ Վատիկանի մէջ տեղի ունեցած Լիբանանի քրիստոնեայ հոգեւոր պետերու ժողովին: Նախարար Քալակար սկզբունքով համաձայն գտնուեցաւ Նորին Սրբութեան առաջարկին եւ վստահեցուց, որ Լիբանանի իսլամ հոգեւոր պետերուն հետ ունենալիք իր հանդիպումներուն ընթացքին պիտի արծարծէ այս նիւթը: Հանդիպման աւարտին Րաայի Պատրիարքը ճաշկերոյթ մը կազմակերպեց ի պատիւ Քալակար Արքեպիսկոպոսին: Ճաշկերոյթին ներկայ էին Վեհափառ Հայրապետը, Եունան Պատրիարքը եւ մարոնիթ եպիսկոպոսներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
    20:16
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պաշտոնական Բաքուն անդրադարձել է Արարատ Միրզոյանի հայտարարությանը
    Պաշտոնական Բաքուն հայտարարություն է տարածել ու անդրադարձել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին, ով ավելի վաղ հայտարարել էր՝ ադրբեջանական կողմը խոչընդոտներ է ստեղծում Ղարաբաղում միջազգային կազմակերպությունների գործունեության համար։ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է․ «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1991 թվականի դեկտեմբերի 19-ի բանաձևի համաձայն՝ կապված մարդասիրական օգնության համակարգման հետ, նման գործողությունները պետք է իրականացվեն՝ հարգելով երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Հենց այդ սկզբունքով է իրականացվում միջազգային կազմակերպությունների գործունեությունը Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի ուշադրությանն ենք ներկայացնում, որ ցանկացած միջազգային կազմակերպության գործունեությունը մեր երկրի ինքնիշխան հողերում հանդիսանում է համապատասխան միջազգային կազմակերպության և Ադրբեջանի երկկողմանի խնդիրը։ Երրորդ պետության ներկայացուցչի մեկնաբանություններն այս առնչությամբ տեղին չեն և անհիմն են։ Լավ կլիներ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը մեկնաբաներ երկրի ստանձնած պարտավորությունների կատարման և տարածաշրջանում խաղաղության հաստատման հետ կապված հարցերը»,-նշվել է հայտարարության մեջ։
    19:50
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մասնավոր դիահերձարանների լիցենզիան կկասեցվի․ նախագիծ՝ ԱԺ-ում
    Այլևս պարտադիր չէ դիահերձում անել, եթե մարդը մահացել է հիվանդանոցում, ու կա կլինիկական ճշտված ախտորոշում: Այս դեպքերում դիահերձում կարվի հարազատների թույլտվությամբ: Ազգային ժողովն այսօր հավանություն է տվել մի նախագծի, որի ընդունումից 6 ամիս անց մասնավոր դիահերձարանների լիցենզիան կկասեցվի: ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանն է առաջարկել դիահերձման գործը վստահել միայն հիվանդանոցներին կից անատոմիական կենտրոններին: Պատգամավորի խոսքով՝ մասնավոր դիրահերձարանները մահվան իրական պատճառը չեն կարող պարզել, քանի որ լաբորատորիաներ չունեն: Դիահերձումների թիվը Հայաստանում աճել է՝ 36 տոկոսից հասնելով 90 տոկոսի:
    19:37
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գեղարքունիքի բուժհաստատություններում այս տարվա հունվարին ծնվել է 112 երեխա
    Գեղարքունիքի մարզի բուժհաստություններում 2022 թվականի հունվար ամսին լույս աշխարհ են եկել 112 երեխա՝ 58 տղա եւ 54 աղջիկ։ «Արմենպրես»-ին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից տեղեկացրել են, որ 43 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 23 երեխա՝ Գավառի, 22 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 17 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում, 7 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ 2021 թվականի նույն ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 172 երեխա։
    19:25
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Օմիկրոն»-ի դեպքերը շատացել են` հատկապես երեխաների շրջանում․ ՀՀ ԱՆ
    Ինչպես աշխարհի մի շարք երկրներում, Հայաստանում ևս վերջին ժամանակաշրջանում կորոնավիրուսի «Օմիկրոն» տեսակի տարածման արդյունքում շատացել են հիվանդության դեպքերը` հատկապես երեխաների շրջանում։ Գրանցվում է հոսպիտալացումների աճ, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։ Հիմնվելով վերջին շաբաթների ընթացքում արտերկրյա հրապարակումների վրա, ինչպես նաև ամփոփելով մեզանում արդեն իսկ կուտակված փորձը ՀՀ ԱՆ մանկաբուժության հարցերով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը պատասխանում է «ինչպե՞ս բնութագրել «Օմիկրոն» տարբերակը երեխաների շրջանում», «որո՞նք են դրա արտահայտությունները» հարցերին։ Ընդհանուր առմամբ «Օմիկրոնը» նման է այլ սուր շնչառական վարակներին և կորոնավիրուսի նախկին տեսակներին։ Հիմնական ախտանշաններն են տարբեր աստիճանի թուլությունը և ջերմության բարձրացումը, կոկորդի ցավը, քթահոսությունը, գլխավորապես չոր կամ քիչ խորխոտ, երբեմն սպաստիկ հազը, գլխացավը, մարմնի ցավը։ Երբեմն հանդիպում են ոչ ծանր փորլուծություն, փսխում։ Կորոնավիորւսոի այլ տարբերակների համեմատ «Օմիկրոն»-դրական երեխաների շրջանում որոշակիորեն նվազել է թոքաբորբի հաճախականությունը, դեպքերի մեծ մասում հիվանդությունն անցնում է 2-3 օրվա ընթացքում, այն սահմափակվում է քիթըմպանի գանգատներով։ Վաղ տարիքի երեխաների մոտ երեբեմն զարգանում է կոկորդի և շնչափողի բորբոքում՝ «կրուպ» կամ «բրոնխիտ», ուղեկցվող շնչառական անբավարարության նշաններով, կան նաև ականջի բորոբքման դեպքեր։ Եզակի հիվանդների մոտ կորոնավիրուսը բարդացել է նյարդային համակարգի ախտահարումով, դիտվել են ցնցումներ կամ նույնիսկ ուղեղի թաղանթի բորբոքում։ Ինչպես և բոլոր այլ շնչառական հիվանդությունների դեպքում, կորոնովիրուսային վարակը, ներառյալ «օմիկրոնը» առավել ծանր է ընթանում երեխայի մոտ ուղեկցող հիվանդությունների առկայության դեպքում։ Միևնույն ժամանակ, կարող է նկատվել այնպիսի ընթացք, որ բոլոր վերահիշյալ նշանները շատ թույլ են արտահայտված և գրեթե աննկատելի են ծնողների համար։ Վերջին շրջանում, ինչպես և այլ երկրներում, ծնողները և մանկաբույժները նկատում են կորոնավիրուսային վարակի մաշկային արտահայտությունների դեպքեր։ Մասնավորապես` դիտվել են մաշկի կարմրություն, մանր բշտիկավոր և/կամ բծավոր ցաներ, երբեմն կապտավուն երանգով։ Նկատվել են նաև ալերգիկ բնույթի ցաներ, մասնավորապես եղնջացան, որը որոշ դեպքերում ունի դեղորայքային ծագում։ Ցաները երբեմն ուղեկցվում են տարբեր աստիճանի արտահայտության քորով։ Երեխայի մոտ կորոնովիրուսային վարակի կասկածի դեպքում անհրաժեշտ է հնարավորինս շուտ դիմել ընտանեկան բժշկին կամ մանկաբույժին։ Տնային բուժման դեպքում հիմնական կանոնները շատ պարզ են․ հետևել երեխայի ընդհանուր վիճակին, տրամադրությանը, շնչառությանը, հնարավոինս կառավարել ջերմությունը, տալ բավարար և հավելյալ քանակությամբ հեղուկներ և համարժեք կերակրել երեխային։ Սակայն կան նշաններ, որոնց առկայության դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի։ Դրանցից են մասնավորապես՝ հաճախացած և դժվարացած շնչառությունը (որը չի պայմանավորվում քթի շնչառության խանգարումով), տնքացող շնչառություն, ցնցումներ, խիստ թուլություն, երբ որ երեխան չի կարողանում խմել և ուտել, անսովոր քնկոտություն, արտահատված շարունակական գլխացավ, անզուսպ կրկնակի փսխումներ։ Կյանքի առաջին ամիսների երեխաների մոտ պետք է հետևել մարմնի ջերմության նույնիսկ թեթևակի բարձրացմանը կամ իջեցմանը (37,5 բարձր կամ 36․5 ից ցածր), հաջորդաբար կերակումներից հրաժարվելուն, անշարժությանը, միապաղաղ լացին, որը չի անցնում կերակրելուց և/կամ խնամելուց հետո։ Եվ, իհարկե, կարևոր է ինքնուրույն չօգտագործել դեղեր, հատկապես հակաբիոտիկներ՝ փորձը ցույց է տալիս, որ կովիդի դեպքերի բացարձակ մեծամասնությունում հիվանդ երեխան դրա կարիքը չունի։
    19:15
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայ-վրացական հարաբերություններում նոր դինամիկա է. վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է. «Շատ ուրախ եմ մեր երկրների հարաբերություններում ի հայտ եկած նոր դինամիկայի համար: Օրեր առաջ այստեղ էր Վրաստանի արդարադատության նախարարը, որին, ցավոք, քովիդի պատճառով չկարողացա հանդիպել: Մեր Ոստիկանության պետը նախորդիվ այց էր ունեցել Վրաստան: Մենք նախորդ տարին ամփոփեցինք Թբիլիսիում տեղի ունեցած Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստով: Դրանից առաջ մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել Վրաստանի վարչապետ՝ իմ ընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Եվ շատ կարևորում եմ, որ մեր իրավապահ համակարգերն իրար հետ սերտ համագործակցություն են հաստատում: Դա կարևոր է մեր երկրների անվտանգության, իրավակարգի պահպանության համար»: Նիկոլ Փաշինյանն իր սրտանց ողջույններն ու առողջության մաղթանքներն է խնդրել փոխանցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, ով վարակվել է կորոնավիրուսով: Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ՀՀ վարչապետին փոխանցել Վրաստանի վարչապետի ջերմ ողջույնները: «Վրաստանի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է, հարևան է և ընկեր երկիր: Ես միշտ ընդգծում եմ, որ հայերս և վրացիներս ամենամտերիմ ժողովուրդներն ենք, մենք շատ հարազատ ենք և նման և՛ ավանդույթներով, և՛ մշակույթով, հարազատ և մտերիմ ենք ամեն հարցում: Ինչ վերաբերում է մեր համագործակցությանը, ասեմ, որ առաջին հանդիպումից հետո արդեն ընկերացել ենք պարոն Ոստիկանապետի հետ: Ցանկանում եմ մեր պատրաստակամությունը հայտնել հետագա համագործակցության հարցում: Իմացեք, որ մենք միշտ պատրաստ ենք աջակցել և նաև պատրաստ ենք լսել ձեր փորձը, որը բավական մեծ է: Այն, ինչ հիմա նախաձեռնել եք, մասնավորապես, Պարեկային ծառայության մասին է խոսքս, շատ ողջունելի և կարևոր ծրագիր է: Մաղթում եմ, որ հաջողությամբ այն ավարտին հասցնեք»: Վարչապետ Փաշինյանը կարևորել է երկու երկրների իրավապահ համակարգերի միջև ծավալված արդյունավետ համագործակցության շարունակական ամրապնդումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում և Վրաստանում ոլորտային բարեփոխումների վերաբերյալ, կիսվել տեղեկատվությամբ պարեկային ծառայության ռեֆորմի ընթացքի և արդյունքների շուրջ: Երկուստեք կարևորվել է փորձի փոխանակումը և մշտական հաղորդակցությունը, որը բխում է հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ոգուց:
    19:00
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել 2 անձի
    Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Բագրատունյաց պողոտայում ստուգման նպատակով կանգնեցրել են «Վոլվո» մակնիշի ավտոմեքենա։ Այդ ընթացքում այնթապցի 50-ամյա ուղևորը գրպանից նետել է մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչներ։ Վարորդը և ուղևորը, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Տարածքի զննությամբ կաթուցիչները վերցվել են։ Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են։
    18:45
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գուգարքի բաժնի քրեական հետախույզները բնակարանային գողության դեպք են բացահայտել
    Հունվար ամսին Լոռու մարզի Ազնվաձոր գյուղի մի տնից գողություն էին արել: Ինչ-որ մեկը տեսել էր, որ տան պատուհանը բաց է, ներս էր մտել, գողացել գորգ, կենցաղային ապրանքներ ու հեռացել: Բնակարանային գողությունը բացահայտվեց օպերատիվ ճանապարհով: Ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ բնակարանային գողությունն արել է Ազնվաձոր գյուղի 56-ամյա մի բնակիչ, որ տուժողի համագյուղացին է: Բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 31-ի երեկոյան նա ներկայացավ ոստիկանության Գուգարքի բաժին ու խոստովանեց կատարածը՝ նշելով, որ գողացած գորգը վաճառել է Վանաձոր քաղաքի շուկայում: Գողոնը հայտնաբերվել է: Հետագա միջոցառումներով Գուգարքի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ 56-ամյա ազնվաձորցին բաժնի սպասարկման տարածքում այլ գողություններ էլ է արել, որոնց, ինչպես և ներկայացված դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
    18:24
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանը սարքում է այն պետությունը, որը հաշվետվություն է տալիս Թուրքիայի առջև․ Բագրատյան
    Մենք այլեւս անկախ պետություն չենք, Նիկոլ Փաշինյանը սարքում է այն պետությունը, որը հաշվետվություն է տալիս Թուրքիայի առջեւ: Այս մասին «Պրեսինգ» հաղորդաշարի ժամանակ նշել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Հիշեք փետրվարյան իրադարձությունները, երբ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն սպառնաց: Օնիկ Գասպարյանի հետագա գործողությունները չարվեցին այն պատճառով, որովհետեւ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը սպառնաց եւ զանգել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարին: Այնտեղից բան էին արել, որ բանակը չպետք է խառնվի քաղաքական գործընթացներին: Նա ասաց, որ Թուրքիան զորք կմտցնի Հայաստան, եթե Փաշինյանի իշխանությանը վտանգ սպառնա, Թուրքիան հնարավոր է այդ մարդկանց անվանի տեռորիստ ու զորք մտցնի»,- ասել է նա:
    18:10
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պաշտոնանկություն՝ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի հրամանագրով
    Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահի լիազորությունները ստանձնած՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 1-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը. Արմեն ԳԻՉՅԱՆԻՆ ազատել Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից»: Գիչյանը այս պաշտոնում նշանակվել էր 2019-ի օգոստոսի 20-ին։
    18:07
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նախագահի պաշտոնակատարը նոր նշանակում է արել
    Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահի լիազորությունները ստանձնած՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 1-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ և 145-րդ հոդվածների 1-ին մասերը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը. Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար»։ Ավելի վաղ Դավիթ Առաքելյանն ազատվել էր Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից։
    17:59
    02.02.22
    Ավելին