Լրահոս
Արցախ
20:11
16.02.22
232

Միշտ էլ մեր ունեցվածքի վրա աչք են ունեցել. Արցախի թեմի առաջնորդը՝ Ադրբեջանի կատարած վանդալիզմի մասին

Img default alt hy

Արցախի օկուպացված տարածքների հայկական պատմաճարտարապետական հուշարձանների կորստի վտանգի առնչությամբ «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն իր մտահոգություններն է հայտնեց, նշելով, որ այս փուլում բողոքի ձայն են բարձրացնում տարբեր հարթակներում.  

«Հիմա ուրիշ ի՞նչ պիտի կարողանանք անել: Այն, ինչ-որ ադրբեջանցիները հիմա անում են մեր մշակութային ժառանգության հետ, մեզ համար նորություն չէ: Միշտ էլ, որպես քոչվոր ազգ, մեր ունեցվածքի վրա աչք են ունեցել: Այսօր էլ նույնը շարունակվում է: Պիտի խելքի գանք, որ հասկանանք՝ ինչպես պահել մեր ժառանգությունը: Ուրիշն ինչո՞ւ պիտի գա ասի՝ ես եկել եմ պահեմ: Ադրբեջանի ղեկավարությունն իր մտադրությունները, ծրագրերն արդեն պատրաստում է, նրանք գիտեն իրենց ազգային մշակութային ռազմավարությունը: Անկախ նրանից, թե արտաքին դիվանագիտական, կրոնական ինչ հանդիպումներ են լինում, իրենք կա՛մ կրավորական դիրք են բռնում, կա՛մ ասում են՝ կմտածենք: Արդյունքում անում են այն, ինչ ծրագրել են»:   

Մշակութային ժառանգության պահպանման հարցի շուրջ տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ կրոնական մեկ հանդիպում տեղի է ունեցել 2021թ. հոկտեմբերի 13-ին, Մոսկվայում: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգեւոր առաջնորդները: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այս հանդիպմանը բարձրաձայնեց մասնավորապես Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ճակատագրի հարցը:

Սրբազանի խոսքով՝ ադրբեջանցիների համար այդ հանդիպումները ոչինչ են, նրանք անտեսում են նույնիսկ տարբեր միջազգային կազմակերպությունների կոչերը, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի:  

«Իրենք իրենց գործն են անում, իրենց ձեռագիրը չեն փոխում, որը պետք է ՝ քանդում են, փոխում են, որը պետք է՝ ոչնչացնում: Մենք չենք կարողանում մեր գերիներին վերադարձնել. պատերազմը ե՞րբ է ավարտվել, մարդիկ Բաքվում կենդանի հուշարձաններ են դարձել, չգիտես, թե ինչ ֆիզիկական եւ հոգեւոր տանջանքների են ենթարկվում: Ամբողջ աշխարհն ասում է՝ բա՛ց թողեք գերիներին, իրենք չեն թողնում»,-ասել է տեր Վրթանեսը:  

Նրա խոսքով, նման իրավիճակում պետք է ինքներս մեզ ապավինենք: Արցախի իշխանություններն, ըստ նրա, ամեն ինչ անում են ադրբեջանական կողմի այս վայրագությունները կանխելու համար: