Լրահոս
Իրավական
14:28
14.05.25
216

ՄԻՊ գրասենյակը՝ Մերձավանի դպրոցում տեղի ունեցածի մասին

Img default alt hy

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասապրոցեսի բնականոն ընթացքի խաթարումների, ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների կողմից պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ ատելության խոսքի լայն տարածմամբ: Միջադեպի առնչությամբ համացանցում շրջանառվել են նաև երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որոնց հետագա տարածումը կարող է թիրախավորել երեխաներին: Երեխաների թիրախավորումը Պաշտպանն անթույլատրելի է համարում:

Պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում նաև այն, որ այս բոլոր գործընթացներում չեն ապահովվում երեխաների կրթության և անվտանգ միջավայրում ապրելու և զարգանալու, մանկավարժական աշխատողի` մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը նսեմացնող գործողություններից պաշտպանված լինելու իրավունքը:

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է պետության կողմից հանրակրթության բնագավառում անհատի և հասարակության անվտանգության և կայուն զարգացման ապահովման երաշխավորումը:

Պաշտպանն ընգծում է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում, այդ թվում՝ էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով, պետք է բացառվի խոսույթից և կոչ է անում զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն քարոզող արտահայտություններից և վարքագծից հատկապես հանրակրթական ուսումնական հաստատություններում:

Միաժամանակ, Պաշտպանը հորդորում է Մերձավանի միջնակարգ դպրոցի միջադեպի վերաբերյալ երեխաների մասնակցությամբ նյութերի հրապարակման և տարածման գործընթացում առաջնորդվել բացառապես անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ միջազգային և ներպետական չափորոշիչներով, առաջնահերթություն տալ երեխայի լավագույն շահին և երեխային չվնասելու սկզբունքին»։

Նշենք՝ դասադուլ իրականացնողների պնդմամբ՝ պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանը 6 ամիս է, ինչ դասավանդում է դպրոցում, և նա ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորում, վիրավորում է աշակերտներին, ուսուցչական կազմին, ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին, քաոսի է վերածել դպրոցի բնականոն աշխատանքը, քարոզում է սիրել թուրքերին:

Ռոզա Դավթյանն էլ պնդում է, որ դպրոցի ամբողջ անձնակազմը, աշակերտներն ու ծնողները դուրս են եկել իր դեմ և կազմակերպված կերպով ցանկանում են ազատվել իրենից:

Աշակերտների փողոցային ժարգոնով հայտարարությունները մեծ աղմուկ են բարձրացրել համացանցում:

ԿԳՄՍՆ–ն հայտարարել է, որ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը կազատվի պաշտոնից։