Լրահոս
Հայաստան
12:20
17.01.22
2 335

Մեր հարևան Ադրբեջանի հետ հնարավոր է՝ ունենանք հարևանական հարաբերություններ. Խաչատուր Սուքիասյան

Img default alt hy

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը, ասաց, որ ինքն ուզում է այնպես լինի, որ մեր սերունդներն ունենան բարեկեցիկ կյանք, դրա համար ֆորմուլաներ կան՝ իրողության ֆորմուլաները, ոչ թե պետք է գնամ մի զարգացած երկրի ֆորմուլա բերի ու ասի, թե սա պետք է լինի. 

«Տարածաշրջանում պետք է գիտակից լինենք, մենք պետք է մեր հարևաններին հարգենք, նրանք՝ մեր իրավունքները, մենք՝ նրանց իրավունքները», - ասաց պատգամավորը։

Լրագրողի դիտարկմանը, թե պատրաստվում են հաշտվել այն մարդկանց հետ, ովքեր հայերին սպանել են, Սուքիասյանն արձագանքեց.

«Ձեզ էլ են սպանել, մնացածին էլ են սպանել, հրեաների ցեղասպանություն է եղել, բայց նրանք այսօր Գերմանիայում հաշտ ապրում են։

Այն գործընթացները, հայտարարությունները և այն իրողությունները, որոնք կարող են տարածաշրջանում և միջազգային հարթակներում լինել, շատ ժամանակ մեզանից կախված չի լինում, և այն ձգտող երկրները, որոնք ուզում են «թուրան» կամ այլ միավորումներ կառուցել, սակայն հնարավոր է, որ իրենցից ավելի հզոր այլ երկրները, այլ գործիքներ օգտագործելով, ձախողեն միություններ ստեղծելու ցանկություն ունեցող երկրների պլանները։

Դրա համար մենք պետք է խելացի լինենք, ամեն ինչի մեջ ինքներս չգնանք, չմասանակցենք, դա մեր գործը չէ։ Մեր գործը մեր հարևանների հետ ուղղակի հարաբերությունները հստակեցնելն է։ Կարծում եմ, որ մեր հարևան Ադրբեջանի հետ հնարավոր է՝ ունենանք հարևանական հարաբերություններ»։