Լրահոս
Արցախ
19:35
28.04.23
149

Մեր բոլոր դաշտերն իրենց նշանառության տակ են, հաճախ են կրակում բնակիչների վրա․ Նախիջևանիկի համայնքապետ․ News.am

Img default alt hy

Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի դաշտավայրում ադրբեջանցիների կողմից թիրախավորված բնակիչը չի տուժել։ Տրակտորը, որով բնակիչը դեպքի պահին կատարում էր գյուղատնտեսական աշխատանքները, նույնպես չի վնասվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նախիջևանիկի համայնքապետ Սևակ Պետրոսյանը։

«Տասը րոպեի ընթացքում հինգ-վեց անգամ կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ անող բնակչի ուղղությամբ։ Այդ ընթացքում նա կարողացել է դուրս գալ տրակտորից»,- ասաց Պետրոսյանը։

Համայնքապետի խոսքով՝ ադրբեջանական դիրքերը, որից կրակեն արձակել բնակչի ուղղությամբ, հեռու մոտ 1 կմ։

«Մեր բոլոր դաշտերը իրենց նշանառության տակ են։ Հաճախ են կրակում բնակիչների վրա կամ թեկուզ օդ են կրակում, բայց մենք ի՞նչ կարող ենք անել, չենք կարող չաշխատել»,- ասաց Սևակ Պետրոսյանը։

Պետրոսյանի խոսքով՝ մոտ գտնվելու հետևանքով անասուններն արածելու ընթացքում հաճախ անցնում են հակառակորդի կողմը, որն էլ հետագայում չի վերադարձնում կենդանիներին։ Այդպես, մոտ 30 երեսուն անասուն նախորդ տարվա ընթացքում Նախիջևանիկից անցել է ադրբեջանական կողմի մոտ։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 28-ին ժամը 12:15-ին, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում Նախիջևանիկի համայնքի ղեկավար Սևակ Պետրոսյանից հաղորդում է ստացվել, որ նշված գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են քաղաքացու ուղղությամբ: