Լրահոս
Հասարակական
21:05
17.02.22
166

Մենք մշտապես պետք է առաջնորդվենք մեր շահերով. Թևան Պողոսյանը՝ Միութենական պետությանը Հայաստանի հնարավոր անդամակցության մասին

Img default alt hy

Հայաստանի՝ Ռուսաստանի Դաշնության հետ Միութենական պետություն ստեղծելու թեզի մասին Aysor.am-ը զրուցել է քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ։

-Պարոն Պողոսյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի՝ ՌԴ-ի հետ Միութենական պետություն ստեղծելու հնարավորությունը։

-Գոյություն ունի Միութենական պետություն, որի մասին փաստաթուղթը վաղուց է ստորագրվել Բելառուսի և Ռուսաստանի միջև։ Շատ երկար ժամանակ այն միս ու արյուն չէր ստանում. հիմա, համաձայն Բելառուսի և Ռուսաստանի ղեկավարների, սկսում է միս ու արյուն ստանալ։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանն ինչ ճանապարհ է ընտրել։ Հայաստանին առաջարկ արվե՞լ է միանալու։ Սա նույն է, թե ինչ-որ մեկն առաջարկ է արել մեզ, մենք էլ մտածում ենք՝ ընդունե՞նք, թե՞ չընդունենք։ Ես դեռ չեմ տեսել բացահայտ առաջարկի խնդիր։ Նույնիսկ Լուկաշենկոն իր պատասխանի մեջ, երբ ուրիշների մասին էր խոսում, Հայաստանի անունը չէր էլ տալիս։ Եթե չլիներ լրագրողի ճշտող հարցը, նա Հայաստանին նույնիսկ չէր էլ անդրադառնալու։ Այս ամենի մեջ մենք ինչպե՞ս խոսենք, երբ չգիտենք, թե ուր ենք գնում։

Վաղը մեզ կարող են ասել՝ «Եկեք, միացեք այլ միավորի»։ Պարզապես պետք է գնա՞նք։ Մենք պետք է հաշվարկենք՝  առաջինը՝ դա մեզ ի՞նչ է տալիս, ի՞նչ չի տալիս։

ՀԱՊԿ-ին որ միանում էինք, բոլորս գիտեինք, որ Հայաստանն ունի մարտահրավեր Թուրքիայից, և թուրքական այդ վտանգի «դեմը պահելու» համար Հայաստանին պետք էր ՀԱՊԿ-ին անդամակցել, դրա  հետ միասին կարողանալ սպառազինություն ձեռք բերել ՌԴ-ի ներքին շուկայի գների համաձայն։

Հիշո՞ւմ եք ԵԱՏՄ գնալու գործընթացն ինչպիսին էր. ինչ-որ ճնշումներ եղան, որ Հայաստանն ասոցացման համար չգնա, բայց Հայաստանը գնաց, և այնպես ստացվեց, որ առաջարկը ոնց որ թե մենք էինք արել։

Նորից եմ ասում՝ միանալ-չմիանալու համար մենք պետք է հաշվարկենք։ Եթե վաղն, օրինակ, թուրքերն ու ադրբեջանցիները, ոնց որ ասել են, «Կամավոր չտաք Զանգեզուրի միջանցքը, ուժով ենք վերցնելու», Ալիևի ասած այդ նախադասությունը որևէ մեկը հերքե՞լ է։ Հիմա, եթե վաղը զորքերը գան, կանգնեն ու Սյունիքի ամենանեղ հատվածում որշեն կտրել, և օրինակ, գինը, որ Սյունիքը պահպանվի, լինի Միութենական պետությունը, ի՞նչ եք ընտրելու։ Մենք մշտապես պետք է առաջնորդվենք մեր սեփական շահերով։

Այսօր մեր պետականության, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման խնդիրներին դա նպաստելո՞ւ է, թե՞ ոչ։ Եթե այդ շահերից չի բխելու, եկեք այդ թեման չքննարկենք։

-Պարոն Պողոսյան, որքա՞ն իրատեսական եք համարում կարծիքները, որ ռուսական կողմը անդամակցության հարցով կարող է ճնշումներ բանեցնել Հայաստանի վրա։

-Թուրքիայի և Ադրբեջանի ճնշումից ավելի ճնշո՞ւմ է լինելու։ Ո՞վ է մեզ ճնշելու։ Մեզ այսօր էլ ճնշում են Թուրքիան և Ադրբեջանը՝ մեր թշնամիները. հազարավոր, տարբեր տեսակի ճշումներ են գործադրում։ Դրանից ավելի՞ է ճնշում լինելու։