Լրահոս
Արցախ
13:49
14.12.20
76

Խծաբերդ-Հին Թաղեր հատվածի ճակատագիրը ՌԴ խաղաղապահ առաքելության առաջին լրջագույն փորձությունն է. Փաշինյան

Img default alt hy

«Ադրբեջանի կողմից ձեռնարկված գործողություններն ունեն բացահայտ սադրիչ բնույթ, բայց այն ուղղված է նաեւ Արցախում ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը: Նրանք ուզում են ցույց տալ, որ խաղաղապահները ի վիճակի չեն կանգնեցնել իրենց կողմից ձեռնարկվող սադրանքները, և Խծաբերդ-Հին Թաղեր հատվածի ճակատագիրը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության առաջին լրջագույն փորձությունն է»,-այս մասին տեսաուղերձով ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը :

Նա անդրադարձել է վերջին օրերին Արցախի  Թաղեր-Խծաբերդ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական ուժերի հատուկ ջոկատայինների կողմից  ձեռնարկված գրոհներին, որոնց հետևանքով նրանց հսկողության տակ են անցել տվյալ բնակավայրերը:

«Շտապեմ ասել, որ այդ հատվածում քաղաքացիական բնակչություն չի եղել: Գործողությունների հետեւանքով Արցախի Պաշտպանության բանակի վեց զինծառայողներ վիրավորվել են: Տեղեկություններ կան այլ տուժածների մասին, որոնք ճշտվում են: Ինչո՞ւ են ճշտվում՝ որովհետեւ տեղանքը, որտեղ կարող են լինել տուժածներ, այս պահին անմատչելի է, եւ միջոցներ են ձեռնարկվում՝ այնտեղ հասանելիություն ապահովելու համար:

Երեկ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում արդեն ասացի, թե առանձին քննարկման առարկա է, թե ինչու խաղաղապահները մինչեւ շաբաթ օրը չէին տեղակայվել Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում, բայց փաստն այն է, որ շաբաթ եւ կիրակի օրերին խաղաղապահ ուժերը տեղակայվել են այնտեղ, ինչպես նաեւ հրապարակել են իրենց պատասխանատվության գոտու թարմացված քարտեզ, որտեղ ներառված է նաեւ Խծաբերդ-Թաղավարդ գյուղերի այդ շրջակա եւ հարող տարածքը: Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները պետք է ապահովեն այդ տարածքի կարգավիճակի համապատասխանությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին: Սա էլ իր հերթին նշանակում է, որ քանի որ ամսի 9-ի դրությամբ այդ տարածքը եղել է հայկական ուժերի վերահսկողության ներքո, պետք է շարունակի մնալ հայկական ուժերի վերահսկողության ներքո»,-նշել է Փաշինյանը: