Լրահոս
Կրթություն և գիտություն
09:58
04.12.20
89

ԿԳՄՍՆ-ն տեղյակ չէ՞ «հրատապ» նախագծից. «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում չզեկուցվող նախագծերի շարքում ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի շուրջ աղմուկը չի դադարում: Նախագծի անցումային դրույթներում կարդում ենք. «Սույն օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո մինչև  սույն հոդվածի 12-րդ մասին համապատասխան հանրային բուհերում եւ հանրային գիտական կազմակերպություններում կառավարման խորհուրդների ձեւավորումը այդ բուհերում ու գիտական կազմակերպություններում համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը հինգ տարուց ոչ ավելի ժամկետով նշանակում է ռեկտոր, տնօրեն»: Սա նշանակում է, որ բուհերի ռեկտորներին այսուհետ նշանակելու է նախարարը:

Այն, որ սա հակասահմանադրական է, այլևս քննարկման ենթակա չէ: Սահմանադրության 38 -րդ հոդվածի (Կրթության իրավունք) 3-րդ կետը հստակ սահմանում է «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք՝ ներառյալ ակադեմիական եւ հետազոտությունների ազատությունը»:

Սակայն այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք ևս. արդյոք այս փոփոխությունը վերաբերելու է միայն թափուր մնացած ռեկտորների պաշտոնների՞ն, թե՞ նաև գործող ռեկտորների, որոնք նախարարի սրտով չեն լինի: Հենց այս հարցերի պատասխանը ստանալու համար դիմեցինք ԿԳՄՍ մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանին, նա առաջարկեց հարցը գրավոր ուղարկել՝ խոստանալով կարճ ժամանակում պատասխանել, ապա զանգահարեց և ասաց, թե հարցին պատասխանելու համար իրավաբանական հարցեր կան, որոնք պետք է ճշգրտվեն:

Այսինքն՝ անգամ նախարարությունը չգիտի՝ ինչ նախագիծ է, ինչ է սահմանվելու նոր նախագծով, ում է վերաբերելու։ Ու այսքանից հետո հարց է՝ ինչու է նախագիծը հրատապ համարվել»:

Մանրամասնները՝ թերթի այսօրվա համարում