Լրահոս
Հասարակական
17:15
15.05.25
152

Կաթողիկոսը Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորի հետ քննարկել է տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության հարցերը

Img default alt hy

Մայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանի Ազգային խորհրդի պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելին։

Հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակություն է հայտնել Շվեյցարիայի իշխանություններին Հայաստանին ցուցաբերվող զորակցության և հայ ժողորդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ջանքերի համար: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը գնահատանքով է անդրադարձել տիար Ֆոնտոբելի նախաձեռնած և Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված բանաձևին՝ ի նպաստ բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության և իրենց պատմական հայրենիք անվտանգ ու արժանապատիվ վերադարձի ապահովման։

Իր հերթին Էրիխ Ֆոնտոբելը Հայոց Հայրապետին ներկայացրել է «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» բանաձևի ընդունման գործընթացը, ինչպես նաև դրա նպատակներն ու հետագա գործողությունների տեսլականը՝ ընդգծելով, որ արցախահայերի վերադարձը միջազգային իրավունքի արդար պահանջ է և հարցը պետք է հետևողականորեն բարձրաձայնել ու ներկայացնել միջազգային համապատասխան ատյաններում։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Շվեյցարիայի հայ համայնքի կարևոր դերակատարությանը երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների հաստատման և երկրի առաջընթացի կերտման գործում։