Լրահոս
Հասարակական
16:32
10.10.22
301

Իշխանասարում զոհված 19-ամյա Ռոբերտ Հայրապետյանը ֆուտբոլիստ էր

Img default alt hy

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետևանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Ռոբերտ Արմենի Հայրապետյանը։

19-ամյա Ռոբերտը Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքից էր։ Նա բանակ էր զորակոչվել 2021 թվականի փետրվարին, ծառայում էր Գորիսում։

News.am-ի հետ զրույցում նրա քույրը՝ Դիանան պատմեց, որ Ռոբերտը զոհվել է Իշխանասարի ուղղությամբ մարտերի ժամանակ։ Սեպտեմբերի 20-ին ադրբեջանական կողմից Հայաստանին փոխանցված 95 զինծառայողների աճյուներից մեկն էլ 19-ամյա Ռոբերտինն էր։

«Ռոբերտի հետ վերջին անգամ խոսել էինք կեսգիշերին մոտ, երբ դեռ ռազմական գործողությունները չէին սկսվել։ Ընկերների պատմելով՝ Ռոբերտի ձայնը ռացիայով լսվել է մինչև լուսադեմ ժամը 5-ը։ Տեղյակ չենք, թե ինչ հանգամանքներում է զոհվել Ռոբերտը։ Նրանից լուր չունեինք, սոցիալական ցանցերում ադրբեջանցիների տարածած լուսանկարներում ենք տեսել նրան ու ճանաչել»,– պատմեց Դիանան։

Ռոբերտը սովորում էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։ Նա պրոֆեսիոնալ ֆուտբոլով էր զբաղվում։ Խաղացել է «Գանձասար», «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբներում։ Ռոբերտը ընտանիքի կրտսեր զավակն է, իրենից մեծ քույր ունի։

Ռոբերտին հուղարկավորել են սեպտեմբերի 23-ին, զինվորական կարգով, ընտանեկան գերեզմանատանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Վերջին տվյալով՝ զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը  32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին,  սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23-ին՝ ևս 6 մարմին։ Գերեվարվել էր 20 զինծառայող։ Հոկտեմբերի 4-ին, ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների։