Լրահոս
Հասարակական
14:30
07.11.25
192

Ինչպես կարելի է վերադարձնել Հովհաննավանքը

Img default alt hy

Հովհաննավանքը շարունակում է օկուպացված մնալ կարգալույծ արված քահանա Ստեփան Ասատրյանի կողմից, որը վայելում է Նիկոլ Փաշինյանի հովանավորչությունը: Մայր Աթոռը հայտարարել է, որ օրինական բոլոր ջանքները գործադրելու է Հովհաննավանքը վերադարձնելու ուղղությամբ: «News. 5tv.am»-ը փաստաբան Աշոտ Սիմոնյանից հետաքրքրվեց, թե իրավական ի՞նչ ճանապարհներով եկեղեցին կարող է վերադարձնել իր գույքը.

«Եկեղեցին օրինական ճանապարհով կարող է վերադարձնել իր գույքը հետևյալ կերպ. նախ հարկավոր է փաստել, որ տվյալ իրավիճակում դատարանի ոչ մի որոշում չի կայացվել Հովհաննավանքը եկեղեցու տիրապետումից վերցնելու համար: Այսինքն՝ փաստացի ունենք իրավիճակ, երբ կառավարության որոշմամբ մոտ 20 տարի առաջ Հովհաննավանքը օտարվել է եկեղեցուն, և այս պայմաններում եկեղեցին հանդիսանում է տվյալ գույքի օրինական տիրապետողը: Նախ քրեաիրավական ասպեկտը կա, այստեղ փաստացի դեպք է, երբ օրինակ ինձ օտարված գույքը հետագայում այլ անձի կողմից վերցվում է, և վերցվում է ոչ թե դատարանի որոշմամբ կամ այլ իրավական ընթացակարգով, այլ կամայականորեն, և ինքներս հասկանում ենք, որ ոչ ոք չի կարող մեզ տրամադրված բնակարանից կամ նույնիսկ վարձակալական հիմքերով տրամադրված բնակարանից մեզ ասել, որ պետք է դուրս գանք: Դրա համար կան հստակ իրավական ընթացակարգեր, որոնք չեն պահպանվել, և այս ամենը էլ ավելի մտահոգիչ է դառնում, երբ փաստացի Հովհաննավանքում հիմա ծառայություն է իրականացնում նախկին հոգևոր սպասավոր, որն այժմ կարգալույծ է, և ոչ միայն նա է այդ ծառայությունը իրականացնում, այլև ավելին՝ չեն թույլատրում էնտեղ ծառայություն իրականացնել այն անձին, որն ունի այդ կրոնական ծեսերը իրականացնելու լիազորություն և՛ իրավական առումով, և՛ բարոյական առումով: 

Վարչապետը վերջերս նշեց, որ և՛ բարոյական և՛ իրավական հիմքերը կան այն վայրերում, որտեղ հոգևոր կյանք չկա, այդ շինությունները վերադարձնել հանրությանը: Այս պնդումը շատ ավելի տարակուսելի է, քանի որ հարց է առաջանում՝ այնտեղ, որտեղ հոգևոր կյանք չկա, ըստ վարչապետի մեկնաբանության, ապա հանրությանը վերադարձնելուց հետո ի՞նչ հոգևոր կյանք է այնտեղ տիրելո, և ո՞վ է այդ հոգևոր ծառայությունը իրականացնելու: Այստեղ ունենք փաստացի իրավիճակ, երբ վարչապետը կրոնական այլ ուղղությունների, այլ «եկեղեցիների» համար փաստացի ծառայություն է մատուցում և ակնարկում է այն մասին, որ նույն Հովհաննավանքում որոշ ժամանակ անց կարող են ծառայություն իրականացնել այլ եկեղեցիների սպասավորներ»,- ասաց Աշոտ Սիմոնյանը: 

Նա նաև հարցին անդրադարձավ քաղաքացիաիրավական տեսանկյունից.
«Խնդիրը շատ պարզ է. սեփականության իրավունքով հանձնված կամ գույքի անհատույց օգտագործման իրավունքով շինությունների հանձնման դեպքում փաստացի այս իրավիճակում եկեղեցին դեռ շարունակում է տիրապետել, և վարչապետը չի կարող ուղղակի հայտարարությունների տեսքով փորձել ֆիքսել այդ ապօրինույթունը, որովհետև հստակ իրավական ընթացակարգեր կան: Եթե չեմ սխալվում, 2000-ականների սկզբում որոշում կա կառավարության կողմից կայացված, ըստ որի՝ հստակ նախատեսվում է վտարման ընթացակարգը և ներխուժումը վերացնելու ընթացակարգը, և համապատասխան ընթացակարգի շնորհիվ գրավոր դիմում ստանալուց հետո ոստիկանությունը պիտի գա և այդ ներխուժումը վերացնի: Այստեղ փաստացի ունենք այդ ներխուժումը, որովհետև անձը, որը չի հանդիսանում հոգևոր սպասավոր, հոգևոր ծառայության քողի ներքո այնտեղ է գտնվում, և գտնվում է մի վայրում, որը իրավական առումով պատկանում է Մայր Աթոռին»,- ասաց փաստաբանը: